Ես ձերբակալման կադրերը տեսա շատ կասկածելի հանգամանքներ: Սա անհանգստացնող փաստ է, ես կարծում եմ, որ իրավապաշտպանի խնդիրն է նման դեպքում հետաքրքրվել փաստով: Այս մասին ոստիկանության մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով ԵՊՀ ուսխորհրդի ղեկավար Դավիթ Ափոյանի ձերբակալության մասին:
«Մենք գործ ունենք լուրջ իրավախախտման դեպքի հետ: Ես նկատի ունեմ բերման ենթարկելու ձևը, հիմքեր չունենալը և նաև հենց փաստը: ԵՊՀ-ն լուրջ կառույց է, ԵՊՀ ուսխորհուրդը ևս լուրջ կառույց է: Այդ խորհրդի ղեկավարին հենց համալսարանի վարչական շենքից ձեռնաշղթաներով տանում են, կարծես թե վտանգավոր հանցագործ է: Դա ուսխորհրդի նկատմամբ վերաբերմունք է ձևավորում»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ իրավապահները պետք է պարզաբանումներ տան:
Մելիքյանի խոսքերով, անհասկանալի վարքագիծ է դրսևորել նաև համալսարանի ղեկավարությունը. «Ինչ է նշանակում ձեռնաշղթաներ հագցնել մի մարդու, ով իրենից վտանգ չի ներկայացնում»:
Իրավապաշտպանը չի բացառում, որ այստեղ միտում կա, քանի որ ԵՊՀ ուսխորհուրդը բավականին քննադատական կեցվածք է դրսևորում իշխող քաղաքական ուժի նկատմամբ. «Ես դժվար կպատկերացնեի, որ նման վերաբերմունք կարժանանար իշխանությունների նկատմամբ լոյալ ուսանողական կառուցի ղեկավարը»: