Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսեց քաղաքապետ եղած ժամանակ իր ՍՊԸ-ն ղեկավարելու վերաբերյալ տեղեկությունների մասին՝ հայտարարելով, թե ցավալի է, որ Հայաստանում դաշտն այս վիճակում է. «Մի կոմպոնենտը կապված է լրատվամիջոցների հետ, մյուսը՝ նորաստեղծ ԿԿՀ-ի»:
Քաղաքապետն ասաց, որ համապատասխան հրապարակումից հետո հենց նույն օրը բոլոր փաստաղթղթերով հերքել են տեղեկությունը. «Այնուամենայնիվ այդ հանձնաժողովը վարույթ է հարուցել: Ինձ իրավաբաններն ասել են, որ մինչ վարույթ հարուցելը կարող էին այլ քայլեր անել, օրինակակ 3 հազար վճարել ու պետռեգիստրից ստանալ համապատասխան թուղթը ու համոզվել, որ դա այդպես չէ. «Ես 400 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, եթե այդ գումարը չունեն, ես կարող եմ տալ: Պրեմյա չեմ ստանում, ոչ մի ավել գումար չեմ ստանում, իմ աշխատավարձից պատրաստ եմ տրամադրել այդ 3 հազար դրամը, որպեսզի մեր պետության ժամանակն ու ռեսուրսները չծախսեն զուր տեղը: Ես ուզում էի դա անել, սակայն վախեցա, որ դա կաշառք կդիտարկեն ու մի հատ վարույթ էլ այդտեղ կհարուցեն»:
«Ինձ մոտ տպավորություն է, որ այս երկրի բոլոր կոռուպցիոներներին բռնել ենք, բոլորը նստած են, հիմա զբաղվում ենք այսպիսի հարցով»,-ասաց Մարությանը՝ նշելով, որ ինքը միտում չի տեսնում, սակայն ԿԿՀ-ի ղեկավարին ներկայացրել է Լուսավոր Հայաստան կուսակցությունը. «Ես չեմ ուզում միտում տեսնել, սակայն արձանագրում եմ այս փաստը»:
Ինչ վերաբերում է իր վարկանիշի անկմանը, Մարությանը նշեց, որ ինքը քաղաքապետարանում է աշխատելու համար, ոչ թե վարկանիշ բարձրացնելու կամ իջեցնելու: