Քաղաքական 

Աղբահանության երկրորդ օպերատորի ներգրավվման, հեծանվային ուղիների կառուցման, «Հաղթանակի» այգու արդիականացման կետերը հանվել են Երևանի զարգացման 5-ամյա ծրագրից

Երևանի ավագանու նիստում քննարկում են 5-ամյա զարգացման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ 5-ամյա զարգացման ծրագիրն ընդունվել է 2018 թվականի դեկտեմբերին: Նրա խոսքերով, փոփոխելիության նախապայմանը Երևանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքների ի հայտ գալը:

Խոսելով եղած ու հանվող կետերի մասին՝ ավագանու անդամն ասաց, որ հանվել է «Հաղթանակ» զբոսայգին վերակառուցելու մասին կետը. «Ծրագիրը հանվել է և գրվում է, որ զբոսայգու վերակառուցման և արդիականացման ծրագիրը դիտարկվում է որպես ներդրումային ծրագիր: Մետրոն էլ է ներդրումային ծրագիր, ինչո՞ւ եք սա հանել, մյուսները թողել»:

Բացի դրանից, քաղաքապետարանը հանում է այն կետը, որի համաձայն բաց մրցույթով պետք է երկրորդ օպերատորը ներգրավվեր աղբահանության համար. «Մեկ տարի խոսում էինք, որ լավագույն տարբերակը մրցակցություն ապահովելն է: Սակայն հիմա 5-ամյայից հանում եք: Ձեր բոլոր խոստումները 5-ամյայից հանում եք: Հիմա էլ դուք եք մոնոպոլիա սահմանում, որն ավելի լավը չէ, քան՝ մասնավորի մոնոպոլիան, քանի որ համայանքից գողանալու դեպքում անհասկանալի բաներ են տեղի ունենում»:

Խաժակյանը խոսեց նաև աղբամանների մրցույթի մասին, որը շահել էր համապատասխան հանձնաժողովի նախագահի քրոջ տղան. «Պարոն քաղաքապետ, Դուք ասում եք, որ տենդերներին չեք հետևում, լավ չի, բա հետևեք, այստեղ շահերի բախում կա»:

Հանվում է նաև այն կետը, որի համաձայն կառուցվելու էր նոր հեծանվային մայրուղիներ, արահետներ և կայանատեղիներ:

Խաժակյանի խոսքերով, ծրագիրը քարուքանդ է արվել՝ համոզմունք հայտնելով, որ հնարավոր է դատարանով վիճարկել դա. «Ես կարծում եմ, որ ձեր խոստումների նկատմամբ նման հետևողականությունը վատ է: Մենք դեմ ենք քննարկելու, քանի որ դուք կարևոր կետեր եք հանել այնտեղից»:

Լույս խմբակցության անդամը նաև կարծում է, որ հարցին պետք է նախ ուշադրություն դարձնեն Իմ քայլի անդամները:

Նույն շարքից