Հասարակություն Տեսանյութեր 

Ով այս իրավիճակն անվանում է ազգային ավանդույթ, նա այլ ազգից է. Նիկոլ Փաշինյանը խոսեց կանանց իրավունքների մասին

analitik.am

Մենք որևէ խնդրից չենք փախնելու: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա վերաբերում է բոլոր ոլորտներին. «Խնդիների դեմ պայքարում ամենաշահագրգիռ կողմը լինելու է կառավարությունը: Հանուն մարդու իրավունքների պայքարի ՀՀ-ում ոչ մի ավելի շահագրգիռ մարմին, կազմակերպություն չի լինելու, քան՝ ՀՀ կառավարությունը, ես բացառում եմ դա»:

«Զինված ուժերի հետ կապված դեպքերի առնչությամբ Պաշտպանության նախարարից ավելի շահագրգիռ մարդ ՀՀ-ում չի լինելու, դա է նախարարի կոչումն ու առաքելությունը: Նույնը վերաբերում է ոստիկանությանը: Ոստիկանները պետք է զերծ մնան անհամաչափ ուժի կիրառումից: Քննիչները պետք է լինեն գերազանց գրագիտությամբ: Այդ հարցում ՔԿ նախագահից, ՀՔԾ պետից, Գլխավոր դատախազից, ԱԱԾ տնօրենից ավելի շահագրգիռ մարդ չպետք է լինի: Սա ամենակարևոր արձանագրումն է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ կառավարությունը հետևողականորեն գնալու է կանանց իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ընդլայնման ճանապարհով. «Այս հարցը հազար ու մի շահարկման տեղիք է տալիս, սակայն կա մի հստակ խնդիր. Մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են, մենք չենք կարող տնտեսական լուրջ առաջընթացի մասին խոսել առանց կանանց պոտենցիալը պատշաճ կերպով օգտագործելու հնարավորություն ստեղծելու, առանց կանանց քաջալերելու, որպեսզի իրենք օգնեն իրենց ընտանիքներին հաղթահարել աղքատությունը: Ես այսօր անձամբ գիտեմ դեպքեր, որ ընտանիքն աղքատության մեջ է, սակայն ամուսինը թույլ չի տալիս կնոջը թխվածք թխել և վաճառել: Ով այս իրավիճակն անվանում է ազգային ավանդույթ, նա այլ ազգից է»:

Փաշինյանը հատուկ խոսեց ԶՈւ-ում ծառայող կանանց մասին՝ հայտարարելով, որ դա մեծ պատիվ է ու բացի ամեն ինչից, նաև տղամարդ ծառայողների պատասխանատվությունն է բարձրացնում։

Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հատուկ ավելացրեց, որ չի ուզում նսեմացնել հասարակական կազմակերպությունների դերը՝ նշելով, որ դրանք կարևոր գործընկեր են կառավարույան հետ։

Նույն շարքից