Կա ընկալում, որ կանանց իրավունքների պաշտպանությունը կարող է խարխլել ընտանիքը: Իրականում սրա մեջ զուտ տեխնիկական առումով ճշմարտության չափաբաժին կա: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե ամուսինը պետք է ծեծի ենթարկի կնոջը և պետական քաղաքականությունն այն լինի, որ կինը դա պետք է հանդուրժի, հանրային ճնշման տակ կինը դա պետք է հանդուրժի: Իսկ երբ կինն ինքնավստահ է և զգում է հանրության աջակցությունը, ինչ-որ պահի ասելու է «Հերիք ա, զզվեցի, թողնում եմ գնամ»: Այստեղ ընտանիքը ֆորմալ առումով քանդվում է: Իսկ ով է ասել, որ ընտանիքի պահպանման համար ջանք պետք է գործադրի կինը: Չի կարող լինել այնպես, որ ընտանիքի մի մասն ունենա բացառապես պարտականություններ, մյուս մասը՝ իրավունքներ: Այդ ընտանիքը դե յուրե ընտանիք է, սակայն դե ֆակտո ընտանիք չէ: Մենք ասում ենք, որ ընտանիքը մեզ համար բարձրագույն արժեք է, սակայն այն ընտանիքը, որտեղ դրա պահպանման համար հավասարապես ջանք չեն գործադրում բոլոր անդամները, այն չի գոյատևում»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքերով, տղամարդը պետք է կնոջ հետ հավասար ջանք գործադրի ընտանիքը պահպանելու համար, ինչը 100 տոկոսով համապատասխանում է հայկական ազգային ավանդույթներին. «Երբ մենք ոտքի վրա խմում ենք կանանց ու մայրերի կենացը, պետք է ապրենք այդ ավանդույթի շրջանակներում, հարգանք ցուցաբերենք: Բոլոր նրանք, ովքեր փորձում են ցույց տալ, թե Հայաստանի ժողովուրդն այլ կերպ է մտածում, վաղուց կորցրել է հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացիների հետ կապը, ինչն առաջիկայում ավելի կոնկրետ օրինակներով կտեսնեն»: