Դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները շարունակում են բողոքի ակցիա անցկացնել կառավարության մոտ։ Քիչ առաջ ոստիկանների և նրանց միջև բախում տեղի ունեցավ։ Իսկ հիմա ակցիայի մասնակիցները փակել են փողոցն ու հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ, սակայն նրանց հետ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով, որ կառավարության ղեկավարը չի ուզում հանդիպել, քանի որ ակցիայի մասնակիցները փողոց են փակել:
Ոստիկանությունը մի քանի անգամ զգուշացումից հետո, քիչ առաջ սկսեց փողոցը բացելու գործողությունները: Ոստիկանական գործողությունների արդյունքում իրավիճակն ավելի լարվեց: Ոստիկաններին հաջողվեց մասամբ բացել փողոցը, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Քանի որ տեղում հետիոտնային անցում կա, ակցիայի մասնակիցները պնդում են, որ փողոց չեն փակում, ուղղակի անցնում են: Ըստ էության, նրանք կիրառում են նույն մեթոդը, որը 2018 թվականին որդեգրել էր Նիկոլ Փաշինյանը:
Ակցիայի մասնակիցները նաև նստում են փողոցում՝ խանգարելով ավոտմեքենաների շարժին: Նրանց առանձին-առանձին հեռացնում են: Ոստիկանները քիչ առաջ որոշեցին շղթայով քաղաքացիներին առանձնացնել փողոցից: