Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» տասնամյակների գերությունից եւ տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների եւ հարազատների հետ: Օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ կիսվելով ամուսնու թեմատիկ տեսանյութով:
Այսօր խոզի բդի, սալատի ու տոլմայի թեման արդեն հասավ կառավարություն:
«Ես մեր սիրելի քաղաքացիներին ցանկանում եմ կոչ անել: Ներողություն եմ խնդրում ինձ նման իրավունք վերապահելու համար, սակայն կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից, քանի որ այն յուրահատուկ է, հետո սեղանի վրա եղած ամեն ինչից փորձել: Ընդ որում, դա արվում է վիրավորվելու տրամաբանությամբ: Հարգելի քաղաքացիներ, մարդկանց ուտելու կարողությունները սահմանափակ են, դա պետք է հաշվի առնել»,-կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը:
Վարչապետը նաև հավելեց, թե ուզում են, որ մարդիկ, տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա, քանի որ տոլման և ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում: Չի կարելի մեկ օրում պատրաստել 5 օրվա ուտելիք, դա վատ է, վնասակար: Պետք չէ հարազատներին, հյուրերին ստիպել մի քանի օրվա խոզի բուդ, սալատ, տոլմա ուտել. «Պատրաստեք այնքան, ինչքան ռեալ է ուտել: Եվ ընդհանրապես պետք չէ տոնական օրերին անցակցնել սննդի դեպրեսիվ սեղանի շուրջ»:
Հիմա տնային տնտեսուհիները, փաստորեն, ընտրության երկու հնարավորություն ունեն՝ կամ լսում են Աննա Հակոբյանին ու ազատվում «բդային գերությունից», կամ անսում են Հակոբյանի ամուսնուն՝ ՀՀ վարչապետին, ու ամեն դեպքում բուդ խորովում, սալատ սարքում ու տոլմա փաթաթում, սակայն դա անում են ոչ 5 օրվա համար ու չեն ստիպում հյուրերին պարտադիր ուտել այն: