Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Երբ նախագահը բուտաֆորիա է

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր ստորագրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին աղմկահարույց օրենքը: Համաձայն օրենքի, եթե Սահմանադրական դատարանի՝ իշխանության համար անցանկալի 7 դատավորները մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնեն, Հայաստանի հարկատուների հաշվին տարեկան 12 միլիոն դրամից ավելի թոշակ և պարգևավճար կստանան և սա այն դեպքում, երբ Հայաստանի միջին վիճակագրական թոշակառուի տարեկան թոշակը 250-300 հազար դրամ է կազմում:

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ՍԴ-ի դեմ հարձակման մեկնարկը տվեցին այս տարի ամռանը: Նախքան այդ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ ջերմորեն շփվող իշխող մեծամասնությունը նախ հարկադրեց, որպեսզի Հայաստանի նախագահը երկրորդ անգամ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրի իրենց «սրտի թեկնածու» Վահե Գրիգորյանին, ապա վերջինս ՍԴ դատավոր ընտրվելուց հետո հայտարարեց, որ ինքն իրեն հռչակում է ՍԴ նախագահ: Եվ հենց Վահե Գրիգորյանի ընտրության օրվանից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսեց տոտալ հարձակում՝ նպատակ ունենալով հասնել Սահմանադրական դատարանի նախագահի և «անցանկալի» մյուս դատավորների հրաժարականին և ձևավորել իրենց ճաշակին վայել Սահմանադրական դատարան:

Վահե Գրիգորյանն արդեն 6 ամսից ավել է ՍԴ դատավոր է, սակայն այս ամիսների ընթացքում որևէ նիստի չի մասնակցել, հրաժարվել է կատարել իր պաշտոնեական պարտականությունները, փոխարենն առանց խղճի խայթ զգալու ստացել և շարունակում է ստանալ ամսական շուրջ 800 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, հավելավճար և բենզին: Ոչինչ չանելու դիմաց ժողովրդի վճարած հարկերից աշխատավարձ գրպանող այս ինքնակոչին ՍԴ նախագահ դարձնելու համար իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնում:

Նախ՝ Սահմանադրական դատարանի դիմաց սկսեցին ուղղորդված ակցիաներ՝ դատավորներին հոգեբանորեն ճնշելու համար, ապա իշխանություններն անցան իրավական տեռորի՝ ԱԱԾ հրավիրելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ու կալանավորելով նրա մտերիմներին: Արդյունքում, տեսնելով, որ այս տարբերակն էլ չաշխատեց, իշխանությունները մշակեցին «բարձր թոշակ՝ հրաժարականի դիմաց» խայտառակ օպերացիան՝ նպատակ ունենալով փողի միջոցով հասնել դատավորների հրաժարականին:

Այս ողջ ընթացքում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանների մուտքերն արգելափակելու ապօրինի կոչից, մինչև ՍԴ դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումներ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որևէ ծպտուն չի հանել, թեպետ Սահմանադրության համաձայն պարտավոր է հետևել երկրում օրինականության պահպանմանը:

Փաստացի, Հայաստանի նախագահը, ով հիմնականում նախընտրում է ճամփորդել Հայաստանի հարկատուների հաշվին, ընդամենը բուտաֆորիա է, ատրիբուտ, որը ֆիզիկապես գոյություն ունի, իսկ ֆունկցիոնալ իմաստով՝ ոչ:

Եթե Հայաստանի նախագահի ինստիտուտը գոյություն ունենար, ապա Արմեն Սարգսյանը ոչ թե կստորագրեր այդ խայտառակ օրենքը, այլ այն կուղարկեր ՍԴ:

Իսկ այսօրվա երկարաշունչ ինքնաարդարացնող տեքստի փոխարեն կարող էր պարզապես երկու բառով ասել, որ չի ստորագրել այդ օրենքը, քանի որ այն չի բխում Հայաստանի քաղաքացու շահից:

«Անալիտիկ» վերլուծական թիմ

Նույն շարքից