Քաղաքական 

Մենք ամեն տեղ պետք է օգտագործենք դա որպես նախադեպ ու ցույց տանք, որ մեզ մոտ էլ է նույն իրավիճակը. Դավիթ Բաբայան

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Արցախի պահպանողական կուսակցության, մեր ողջ հասարակության, մեր ամբողջ ժողովրդի համար ամենակարեւոր թեմաներից մեկը, բնական է, հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

2019 թվականն #ադրբեջան/ա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով բավականին հագեցած էր: Տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ եւ քննարկումներ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ, եւ, ամենակարեւորը, պահպանվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:

Բացի դրանից, անցնող տարին հատկապես աչքի է ընկել հակամարտությունների կարգավորման նախադեպերի տեսանկյունից: 2019 թվականին իր ինքնորոշման իրավունքը իրացրեց Բուգենվիլը՝ հանգուցալուծելով տասնամյակների իր հակամարտությունը Պապուա Նոր Գվինեայի հետ: Եվ այդ ինքնորոշման իրավունքը իրացվեց միջազգային հանրության հովանու ներքո, ինչը ազգերի ինքնորոշման եւս մեկ նախադեպ է:

2019 թվականը նույնիսկ կարելի է համարել հեղափոխական՝ հակամարտությունների կարգավորման տեսանկյունից, ինչը ես ժամանակին բազմիցս ընդգծել եմ: Խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` #Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու որոշմանը: Նախագահ #Թրամփ/ը, փաստորեն, իր որոշումը հիմնավորել է նրանով, որ #Գոլանի բարձունքներն ունեն կրիտիկական նշանակություն Իսրայելի անվտանգության համար: Նա նույնիսկ չի կատարել որեւէ հղում պատմական կամ այլ խնդիրների վրա: Սա զուտ անվտանգության տեսանկյունից է:

Գոլանի բարձունքները գրեթե նույնանման նշանակություն ունեն Իսրայելի համար, ինչպիսին #Քարվաճառ/ի (#Շահումյան/ի) շրջանը՝ #Արցախ/ի ու #Հայաստանի Հանրապետության համար: Գոլանի բարձունքներում են գտնվում Հորդանան գետի ակունքները, եւ այդ շրջանը ջրային դոնոր է հանդիսանում #Իսրայել/ի համար, ինչպես Քարվաճառի շրջանը՝ Արցախի ու Հայաստանի Հանրապետության համար:

Թրամփի հայտարարությունից քիչ անց հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն, ով վերահաստատել է Գոլանի բարձունքներն Իսրայելի անբաժան մաս ճանաչելը եւ շրջանառության մեջ է մտցրել եւս մեկ կարեւոր գաղափար այն մասին, որ եթե պետությունն արտաքին ագրեսիայի թիրախ է դառնում, ապա սահմանների փոփոխությունը լեգիտիմ է:

Այդ ամենը ցույց է տալիս, որ տարածքային ամբողջականության սկզբունքն այլեւս չի կարող լինել անվտանգության եւ ինքնորոշման հարցերը չեղարկելու միջոց, ինչին անդադար դիմում է Ադրբեջանը: Մենք ամեն տեղ պետք է օգտագործենք դա որպես նախադեպ ու ցույց տանք, որ մեզ մոտ էլ է նույն իրավիճակը: Եվ մենք՝ #Հայաստան/ը, #Արցախ/ը եւ Սփյուռքը, պիտի համախմբվենք այս հարցի շուրջ: Չօգտագործել դա պարզապես անթույլատրելի է:

ՊԱՀՊԱՆԵՆՔ, ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՈՒ ԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»:

Նույն շարքից