«Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք եղել է, որ հայրն ասի՝ ինչ-որ բանում սխալվել է, նշեց, որ 2008 թվականին հեռանալիս երկրորդ նախագահն ունեցել է այն զգացումը, որ ամեն ինչ արել է հնարավորինս լավ. «Իհարկե եղել են սխալներ, սակայն ինչպես ինքն է նշում, որպես կանոն, ինչի համար կարող են իրեն քննադատել, չեն քննադատում: Կարող է լինել օբյեկտիվ քննադատություն, սակայն այն քննադատությունը, որը կա, հիմնված է ստի ու կեղծիքի վրա»:
«Իմ կարծիքով, հորս ամենամեծ սխալը եղել է այն, որ նա ամբողջությամբ սևեռվել է երկրի տնտեսությունը զարգացնելու վրա, ինչից կախված է բանակը, անվտանգությունը և մնացածը: Բայց կարծում եմ, որ հասարակության հետ ճիշտ աշխատանք չի տարվել: Նա չէր հեռացել ժողովրդից, ուղղակի այն համոզմունքի կրողն է, որ ինքն իր գործն է անում, պարտադիր չէ այդ մասին անընդհատ խոսել: Նա վստահ էր, որ ժողովուրդը տեսնում ու գնահատում է դա, ի վերջո կարևորն արդյունքն է: Հիմա պոպուլիզմ է, իսկ հորս մոտ մյուս ծայրահեղությունն էր, նա չէր խոսում, մոտեցում ունի, որ ամեն մեկն իր գործը պետք է անի»,-ասաց Լևոնը:
Կրտսեր Քոչարյանի խոսքերով, հիմա գնում Կարապի լճում փոքր կղզու դռները բացում են, լույս դնում ու ամբողջ օրն այդ մասին խոսում. «Նայեք այն մարդն ինչ գործեր է արել ու այդ մասին չի խոսել: Հիմա մի փոքր բանի մասին անընդհատ խոսում են, իսկ հորս մոտ լրիվ հակառակ ծայրահեղությունն էր, որը սխալ էր»: