Հայաստան Քաղաքական գլխավոր 

Դավիթ Հարությունյանը բացատրեց, թե ինչու է ՍԴ դատավորների մասին օրենքն իրականում կաշառքի դրսևորում

Այս օրենքն ունի մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ այս կազմից: Այդ նպատակին հասնելու համար գործի է դրվում ցանկացած միջոց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դավիթ Հարությունյանը՝ խոսելով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի մասին:

Հարությունյանի խոսքերով, իշխանություններն իրենց նպատակին հասնելու համար հետապնդումներ են իրականացնում ՍԴ դատավորների շրջապատի նկատմամբ, իսկ հիմա արդեն հերթը հասել է դատավորներին. «Տպավորություն ունեմ՝ կարծես մի մարդու անպարկեշտ առաջարկություն են արել: Ճանաչելով ՍԴ դատավորներին՝ վստահ եմ, որ նրանցից որևէ մեկը չի ընդունի այն: Նրանք շատ ավելի լուրջ ու իրենց բարձր գնահատող մարդիկ են: Բնական է, որ այս պարագայում պետք է ձեռնարկվեն միջոցներ, հիմա ՝ ՍԴ նախագահի վերաբերյալ, հետագայում՝ մյուս անդամների նկատմամբ»:

Հարությունյանը այն տեսակետին է, որ այսօրվա ՀՔԾ-ի քայլերը ևս ուղղված են Հրայր Թովմասյանից ազատվելուն. «Ես այդ կանխատեսումը վաղուց եմ արել: Կարծում եմ, որ մենք այսօր ականատես կլինենք հերթական բեմականացման հաջորդ արարին»:

Նախկին նախարարի խոսքերով, եթե ավելի խորը վերլուծելու լինենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզ կլինի, որ նշյալ օրենքը որևէ ձևով չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքին. «Հիմա չի առաջարկվում վաղ կենսաթոշակ, առաջարկվում է կաշառք: Դատավորին ասում են՝ եթե շարունակի ծառայություններ մատուցել ՀՀ-ին, իսկ տարիքը լրանալուց հետո դիմի կենսաթոշակի համար, ավելի քիչ կստանա, քան հիմա, եթե օգտվի օրենքից: Այսինքն՝ առաջարկվող պայմանը կամավորության գաղափարին դեմ է: Բացի դրանից, այն սահմանափակված է երկամսյա ժամկետով: Վենետիկի հանձնաժողովն ասել է, որ եթե նման մեխանիզմի մասին խոսք կա, այն որևէ ձևով չպետք է ազդի ընթացքում գործերի վրա, իսկ տվյալ պարագայում երկու խախտում կա»:

«Արդյո՞ք կգտնվի սթափ մարդ, ով կասի, որ այս օրենքը հիմնված է կամավորության սկզբունքի վրա: Այն, ինչ հիմա տեսնում ենք այստեղ, «կամավորության» շարունակությունն է»,-ասել նա:

Հարությունյանը նաև ասել է, որ չի զրուցել Թովմասյանի հետ, ով այսօր պետք է հարցաքննվի:

Նախկին նախարարը վստահ է՝ ՍԴ դատավորներին կաշառք է առաջարկվում, որպեսզի երկում լինի ամբողջովին վերահսկելի ՍԴ, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ձևավորել այնպիսի ՍԴ, որը կդառնա իր կամքի կյանքի կոչող:

Դավիթ Հարությունյանը ՍԴ-ի մոտ է, որտեղ հարցաքննվելու է ՍԴ նախագահը: Այստեղ են նաև Ռուբեն Մելիքյանը, Արամ Վարդևանյանը, Արսեն Բաբայանը:

Նույն շարքից