Տեղյակ չեմ, լրագորղների հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մեկնարկել է Հրայր Թովմասյանի հարցաքննությունը:
Խոսելով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի մասին՝ Պետրոսյանն ասաց, որ իր կենսագրության ամեն էջ լրացրել է պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ. «Ես հպարտ եմ իմ կեսնագրության ամեն էջով: Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից, պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ երդմանը, լինել անկախ, անաչառ և իրականացնել սահմանադրականության գերակայության ապահովման իմ առաքելությունը»:
Հարցին՝ խնդիր կտեսնի արդյո՞ք, եթե իր գործընկերներն օգտվեն դրանից, Պետրոսյանն ասաց, որ հարցն իրեն ուղղված չէ, պետք է լսել իր գործընկերների պատասխանը. «Ես իմ մասով կարող եմ խոսել ու գնահատականներ տալ»:
Դիտարկմանը, որ այս նախագիծը նպատակ ունի լուծելու ՍԴ-ում առկա ճգնաժամը, Պետրոսյանն ասաց, որ ՍԴ-ում ճգնաժամ կարող էր լինել, եթե չկարողանային նիստեր անցկացնել, որոշումներ կայացնել, եթե անգործությամբ պետական իշխանության այլ մարմինների համար ստեղծեին խնդիրներ. «ՍԴ-ն առ այսօր կանոնավոր հունով աշխատել է: Որևէ նիստի քվորումի հետ կապված խնդիր չենք ունեցել: Մենք մեր որոշումները կայացրել ենք բարձր պետականության զգացողությամբ, պետական ինստիտուտների փոխադարձ հարգալից մթնոլորտում իրականացրել ենք մեր առաքելությունը»: