Պարոն Գրիգորյանին ես տեսնում եմ ՍԴ միջանցքներում, աշխատանքային նիստերին նա չի մասնակցում, աշխատակարգային նիստերին չի մասնակցում, տեղյակ չեմ նա այս պահին ՍԴ շենքում է, թե՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ խոսելով Վահե Գրիգորյանի մասին:
Տիկին Պետրոսյանն ասաց, որ իրենք պատրաստակամ են եղել լսելու Գրիգորյանի տեսակետը, նկատառումները, սակայն օրինակ իր հետ հանդիպման նախաձեռնություն չի ունեցել. «Մենք կլսեինք ու կքննարկեինք: Նա երդում է տվել լինել անաչառ և ապահովել Սահմանադրականության գերակայության իր առաքելությունը և պետք է իր լիազորություններն իրականացներ իր տրված երդման, լիազորությունների, պաշտոնի շրջանակներում»:
Պետրոսյանի խոսքերով, եթե Գրիգորյանը ճգնաժամային իրավիճակ էր տեսնում, պետք է բարի լիներ, պայքարեր, հաղթահարեր, ունենար իր պատկերացրած իրավական մթնոլորտը, ինչից հետո ընտրվեր ու ձգտեր իրականացներ իր առաքելությունը. «Ես դա կհասկանայի, եթե նա դա աներ մինչև ՍԴ դատավորի իր պարտականությունները ստանձնելը»: