Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Այն ընթացքում, երբ քննիչները Սահմանադրական դատարանում հարցաքննում էին Թովմասյանին, դատարանի մոտ էին հավաքվել բազմաթիվ գործիչներ, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում Թովմասյանին՝ նշելով, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ճնշելու ՍԴ դատավորներին՝ ստիպելով նրանց օգտվել վաղաժամ կենսաթոշակի մասին նախագծից՝ որպես վերջնական նպատակ ցանկանալով ունենալ «սեփական» Սահմանադրական դատարանը:
ՍԴ-ի մոտ էր նաև ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումը: Շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ներկայությամբ ցանկանում են թույլ չտալ ապօրինի գործողություններ կատարել ՍԴ-ի նկատմամբ. «Մենք տեսնում ենք, որ իշխանություններն արդեն երկար ժամանակ է տարատեսակ ճնշումների են գնում, փորձ է արվում ստիպել Թովմասյանին և ՍԴ մյուս դատավորներին հրաժարական տալ: Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է օրենքը, որով դատավորներին առաջարկվում է հրաժարական տալ և ստանալ աշխատավարձի չափով կենսաթոշակ, ինչն իրավաբանների, քաղաքական գործիչների բնութագրմամբ, օրենքով կաշառք է: Ինձ համար այս ճնշումներն անընդունելի են»:
Հովհյաննիսյանի խոսքերով, առաջիկայում լինելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, այն ԱԺ-ի կողմից վավերացվելուց առաջ նախ պետք է անցնի Սահմանադրական դատարանով, որտեղ պետք է որոշվի՝ արդյո՞ք այն չի հակասում Սահմանադրությանը. «Ես կարծում եմ, որ ՍԴ-ի այս կազմը չի հաստատի կոնվենցիայի՝ սահմանադրությանը չհակասելը և այն կճանաչվի հակասահմանադրական, ինչն իրականում հենց այդպես է: Բնականաբար իշխանությունները դրա համար շտապում են, որպեսզի հնարավորինս արագ կարողանան ազատվել ՍԴ այս կազմից, ինչից հետո կկարողանան վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան»: