Հայաստան Քաղաքական 

Ազգային ժողովի շրջափակումն իրագործվել է օրենքի բոլոր պայմանների ու պահանջների պահպանմամբ. Ռուստամ Բադասյան

Հայաստանում կա արդարադատություն, ավելին՝ հեղափոխությունից առաջ ևս եղել է արդարադատություն: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ հարցն այդ արդարադատության որակն է ու հանրության վստահության աստիճանը:

Ինչ վերաբերում է անցած տարի Ազգային ժողովի շենքի շրջափակմանը, Բադասյանն ասաց, որ դա եղել է հեղափոխության հերթական փուլը, որն իրագործվել է օրենքի բոլոր պայմանների ու պահանջների պահպանմամբ. «Հայաստանի ժողովրդի կամքը ևս մեկ անգամ արտահայտվել է Հայաստանում բարեփոխումներ սկսելու և նոր որակի քաղաքական իշխանություններ ձևավորելու մասով: Դրան հաջորդել են ընտրություններ, որոնք ՀՀ-ի պատմության մեջ առաջին անգամ որակվել են որպես ազատ ու անկախ, համապատասխան միջազգային չափանիշներին: Առաջին անգամ ժողովրդի կամքն առանց որևէ շեղումների արտահայտվել է, ինչի արդյունքում կա լեգիտիմ Ազգային ժողով»:

Ինչ վերաբերում է դատարանների շրջափակմանը, նախարարն ասաց, որ չակերտների մեջ է վերցնում «շրջափակում» բառը. «Դա հանրության ուշադրությունը հրավիրելու համար էր, որ համակարգում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, որպեսզի հանրության վստահությունն աճի և մենք ակնկալենք որակյալ արդարադատություն: Եթե նոր իշխանությունը նպատակ ունենար ունենալ իրենից կախված դատական համակարգ, հրապարակային կոչեր չէր անի առկա խնդիրների և դրանց լուծման մասին»:

Նույն շարքից