Հրաշքների հավատում եմ ամեն օր, ոչ միայն Ամանորի գիշերը, քանի որ Աստծո ամեն օրն արդեն իսկ հրաշք է: Analitik.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հավատում է ամանորյա հրաշքներին:
Տիկին Զոհրաբյանն անկեղծ խոստովանեց, որ շատ հաջողակ մարդ է. «Թու, թու, թու, իմ բոլոր երազանքները իրականանում են: Ես ինքս եմ դրանք իրականացնում: Մի բան հստակ գիտեմ՝ կյանքում անհնարին ոչինչ չկա և բոլոր երազանքները հնարավոր է իրականացնել, եթե դու քո ամբողջ ներքին էներգիան ուղղում ես դրան: Ասել, թե այս պահին ունեմ երազանք, որը նախորդ տարի պահել էի, սակայն դեռ չի իրականացել, չկա: Վստահ եմ՝ այն երազանքը, որն ունեմ 2020 թվականի համար, անպայման իրականանալու է, բայց դրա մասին այս պահին չեմ խոսի»:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև խոստովանեց, որ սիրում է նվերներ ստանալ, սակայն դրանք չպետք է շաբլոն ու անհետաքրքիր լինեն. «Շատ հաճախ հարազատներիս խնդրում եմ, որ տոներին ինձ ոչինչ չնվիրեն, որովհետև նվերների առումով շատ բարդ է ինձ գոհացնելը: Դա վատ բնավորության գիծ է»:
«Ամենահիշվող և ամենաէկզոտիկ նվերը ստացել եմ 2001 թվականին: Սամվել Մկրտչյանն (Նաիրա Զոհրաբյանի ամուսինն է, մահացել է 2014 թվականին) ինձ նվիրեց դեղին օձ, որի անունը «Նաիրա» էր դրել: Բարեբախտաբար օձին հանձնեցինք այնտեղ, որտեղ պետք է այն պահվեր: Ասեմ, որ բավականին գեղեցիկ օձ էր, բայց տան պայմաններում անհնար էր դեղին գեղեցիկ Նաիրային պահել»:
Թեև տոնակատարությունները միշտ բերում են ուրախություն, այնուամենայնիվ, հաճախ այդ օրերն ուղեկցվում են մի շարք «հաճելի հոգսերով», որոնց շարքին են դասվում նաև ամանորյա գնումները:
Մենք պարզեցինք, որ տիկին Զոհրաբյանի համար գնումները սթրեսից ազատվելու յուրօրինակ միջոց են. «Ընդհանրապես, գնումներից գերագույն հաճույք եմ ստանում: Ամեն մարդ սթրեսից դուրս է գալիս մի ձևով: Օրինակ ես սիրում եմ գնումներ կատարել: Հատկապես Եվրոպայում սիրում եմ գեղեցիկ խանութներով շրջել, եթե անգամ ոչինչ չեմ գնելու: Ամանորյա գնումները ևս ես եմ անում, որովհետև մեր տոնական սեղանը տարբերվում է ավանդական բդա-տոլմա-իշլի-քուֆթայական սեղանից: Այն շատ ավելի թեթև ու աղանդերային է»:
Հավելենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի ընտանիքում չկան առնետներ («Առնետի» տարում ծնվածներ):
Օֆելի Իսրայելյան