Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դեռ 6 ամիս առաջ իրեն զգուշացրել են, որ պետք է հրաժարական տա, հակառակ դեպքում մեղադրանք կառաջադրվի:
Ազատության եթերում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ չգիտի, թե ով է նման զգուշացում տվել. «Կարծում եմ, որ պարոն Թովմասյանը պետք է ավելի բացահայտ խոսի: Իսկ ընդհանուր առմամբ պարոն Թորոսյանի նախապատմության վերաբերյալ մեկ անգամ չէ, որ արտահայտվել եմ: Այդ նախապատվությունը շատ խառն է: Նրա անցյալը նույնպես ուղղակիորեն կապված է Հանրապետական կուսակցության հետ: Սահմանադրության ուղղակի հեղինակը պարոն Թովմասյանն է, այնտեղ անհասկանալի դրույթներ կան ՍԴ-ի վերաբերյալ և այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ այն արված է անձնապես իր համար»:
Ավինյանի խոսքերով, Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու հետ կապված լրջագույն հարցեր կան. «Ինչ վերաբերում է քրեական գործին, դա որևէ բանի հետ չի կարող կապ ունենալ: Լիներ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ, թե՝ չլիներ, քրեական գործն իր կյանքով ապրելու էր, քանի որ մենք երբևէ քաղաքական գործընթացները քրեական պրոցեսների հետ չենք կապում: Եթե կա քրեական գործ, հանցագործություն, պետք է մինչև վերջ գնալ: Եթե նույնիսկ տեսնում ենք, որ միլիարդներով փող ունի տվյալ մարդն ու թալանել է, բայց չի ապացուցվում դա, այն մեր իրավապահ համակարգի խնդիրն է: Մեր ու իրավապահ համակարգի: Եթե քրեական գործ կա, պետք է գնալ մինչև վերջ, տեսնենք ապացուցվում է մեղավորությունը, թե՝ ոչ»: