Բաղանիսում Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ գյուղացիների հետ: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ գյուղացիներից մեկը մոտեցավ վարչապետին ու խոսեց դպրոցի տնօրենի մասին՝ հայտարարելով, որ հունվարին ընտրություններ են լինելու, սակայն դրանք իրենց սրտով չեն. «Մենք ուզում ենք, որ այդ ընտրությունը չլինի, նոր ընտրություն լինի, որպեսզի մեր թեկնածուն հասցնի թղթերը ներկայացնի ու մասնակցի ընտրություններին»:
Մարզպետը, ով ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ կհասցնեն թղթերը հանձնել:
Նիկոլ Փաշինյանը խնդրեց բացատրել, թե ինչ է նշանակում «դպրոցի տնօրենի ընտրությունը մեր սրտով չէ» արտահայտությունը:
Մեկ այլ գյուղացի ասաց, որ թեկնածուն տեղացի չէ, իրենք ուզում են, որ տնօրենը տեղացի լինի:
«Թեկնածուն լավ մասնագետ չէ»,-միջամտեց մեկ ուրիշը:
«Կներեք, Դուք գնահատման լիազորություն ունե՞ք»,-հարցրեց վարչապետը:
«Ես եղել եմ դպրոցի խորհրդի նախագահ և առաջարկել եմ նրան թեկնածությունը չդնել»,-ասաց գյուղացին:
«Այն, որ դպրոցի խորհրդի նախագահ եք եղել, դա որևէ բան չի նշանակում: Դպրոցի տնօրենի ընտրության ձև կա: Եթե ընտրվեց, պետք է աշխատի»,-ասաց վարչապետը:
«Եթե օրինական ընտրություն եղավ, պետք է աշխատի, թեկուզ լինի Մեղրիից: Մի թաղի չափ պետություն ենք, ասում եք՝ տեղացի չէ, տեղացի է, սա ի՞նչ է նշանակում: Մեզ մասնագետ է պետք: Տեղային հայրենասիրությանը վերջ տվեք: Եթե թույլ մասնագետ է, չի ընտրվի»,-ասաց կառավարության ղեկավարը:
Հետո նաև նշվեց, որ թեկնածուն հին հանրապետականը է:
Այդ ընթացքում կառավարության ղեկավարին նաև մոտեցավ գյուղի ամենատարեց բնակիչը՝ հորդորելով Նիկոլ Փաշինյանին ջախջախել իր թշնամիներին: