«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.
«Այս տարին հագեցած էր իրադարձություններով, հետևաբար մաս-մաս կփորձեմ ամփոփել անցնող տարին.
2019 թվականի հենց առաջին ամսին մասնակցեցի իմ կյանքի առաջին ցույցին՝ մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելու կապակցությամբ Աղաջանովների ընտանիքին սատարման ցույցի մասին է խոսքը: Սատարում էի ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ՝ ցմահ դատապարտված անձինք ներման իրավունք չունեն՝ ամենևին ոչ, ավելին՝ ես կարծում եմ, որ կալանքն առհասարակ վաղուց սպառել է իրեն որպես պատժի ձև և այն պետք է կիրառվի բացառապես վտանգավոր հանցագործների դեպքում:
Մհեր Ենոքյանի դեպքը հենց այդպիսին էր. Հանցանքը կատարվել էր ոչ միայն անմարդկային, ծանր ու առանձնապես դաժան ձևով, այլ նաև չկար զղջում, փոխարենը կար տարիներ շարունակ տարածվող կեղծիք և սուտ: Սա այն դեպքն էր, որի պատճառով խաբեության զոհ էին դարձնում մի ամբողջ հասարակության, որին Սորոսի գրասենյակից ստացած գրանտներով փորձում էին համոզել, թե դաժան մարդասպանը հերոս է՝ հրամցնելով հուզիչ տեքստեր բանտից՝ թքած ունենալով անմեղ զոհի, նոր կյանք մտած երիտասարդի կյանքի թելն անվերադարձ կտրելու փաստի, ընտանիքի խորը վշտի վրա:
Սրա կողքին, երբ փորձեցին բանտից ազատել հասարակության համար իրական վտանգ ներկայացնող մարդասպանին, անցնող տարում մենք ականատես եղանք բազմաթիվ անհեթեթ, անօրինական և քաղաքական պատճառներով պայմանավորված կալանքների: Այդ կալանքներով հիմնականում փորձ արվեց «կերակրել» ժողովրդին՝ ցույց տալով , թե հեղափոխություն իբր եղել է, նախկիններին պատժում ենք՝ այդպես էլ չհասկանալով, որ իրենց պահում էին նույն կերպ, ինչպես նախկինները, որոնցից դժգոհ մարդիկ փողոց դուրս եկան: Այս կալանքները և հետապնդումները միայն փաստեցին, որ հեղափոխություն չի եղել, քանի որ հին մեթոդներով նոր հասարակարգ չես կարող կառուցել:
2019-ին մենք նաև ականատես եղանք և շարունակում ենք լինել Սահմանադրական դատարանին «սանձել» փորձելու օպերացիային, որը չի կարող ողջունվել առողջ բանականություն ունեցող մարդու կողմից, քանի որ դատական իշխանության յուրացումը կառավարության կողմից պարունակում է բազմաթիվ լրջագույն վտանգներ՝ սկսած իշխանության ցանկությամբ մարդկանց կալանքի տակ պահելուց վերջացրած ներդրումների բացակայությամբ: Սա նշանակում է ժողովրդավարական արժեքների վերացում, անարխիա, անարդարության խորացում, քաոս, ինչն էլ հանգեցնում է պետականության կորստին:
Աննախադեպ էր նաև դատարաններն արգելափակելու օպերացիան, որն արդարացիորեն քննադատվեց նաև միջազգային հանրության կողմից:
Ամփոփելով տարին դատաիրավական համակարգում կատարված իրադարձությունների մասով, կարող եմ ասել. Այս ոլորտում նախկինում եղել են բազմաթիվ լուրջ խնդիրներ, ապօրինություններ, կեղծիքներ, սակայն օրվա իշխանության կողմից ընտրված գործիքակազմը դրանք ոչ միայն չվերացրեց, այլ հակառակը՝ ստեղծեց նոր վատ և արատավոր երևույթներ, որոնք շտկելու բեռն արդեն կմնա գալիք իշխանությունների ուսերին:
Հետևաբար, մաղթում եմ, որ 2020-ին ուղղակի հանգիստ թողնվի դատական իշխանությունն, այն կինքնամաքրվի և ինքն իրենով ավելի արդյունավետորեն կվերացնի թերությունները: Դատական իշխանության ներկայացուցիչներին մաղթում եմ համբերություն և կամքի ուժ: Ես վստահ եմ, որ դատաիրավական ոլորտի որևէ ներկայացուցիչ ոչ նախկինում, ոչ էլ հիմա չէր ցանկանա պատվերներ կատարել և նաև վստահ եմ, որ թե դատավորները, թե դատախազներն ու մնացածը բոլորից շատ կուզեին աշխատել արդար և մաքուր, այլ ոչ թե ստիպված (կարող են, իհարկե, հրաժարվել, բայց դա այլ թեմա է, թե ինչու հաճախ չեն կարողանում) «իշխանական պատվերների» բեռը շալակեին իրենց խղճին և անմեղ մարդկանց կոտրված ճակատագրերի պատճառ դառնային»: