Ամանորը պատրաստվում եմ դիմավորել Հայաստանում՝ հայրական օջախում, մեծ ընտանիքիս, բոլոր բարեկամներիս և հարազատներիս հետ միասն: Analitik.am -ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ է տոնելու Ամանորը:
Պարոն Աշոտյանի խոսքերով, ցանկացած հրաշք շաղկապվում է բարության հետ. «Ես հավատում եմ բարությանը: Դա քրիստոնեական բարոյագիտության մեջ է, բարին չարից զանազանելու ունակությունը մարդուն մարդ է դարձնում: Ընտանիքիս, հարազատներիս հետ կապված ամեն տարի պահում եմ նույն երազանքը, որ առողջության և անփորձանք լինելու տարի լինի, իսկ երկրին մշտապես խաղաղություն եմ ցանկանում»:
Ըստ Աշոտյանի, նվերներն Ամանորի կարևոր ավանդույթներից մեկն է. «Իմ կյանքի ամենահիշարժան նվերները երեխաներիս Ամանորյա նվերներն են ինձ և կնոջս՝ նամակներ, շնորհավորանքներ, իրենց ձեռքով պատրաստված բացիկներն ու նկարները»,-ասաց նա՝ հավելելով՝ վաղուց այն տարիքում է, որ ինքն է «Ձմեռ պապ» իր երեխաների և հարազատների համար»:
Երազանքների և նվերներ ստանալու հետ կապված մեր զրուցակիցն ասաց, որ հատուկ որևէ երազանք չունի, սիրում է ամեն ինչի քիչը, բայց՝ լավը. «Սիրով ընդունում եմ ցանկացած լավ նվեր՝ հուշանվեր, օծանելիք, խմիչք, պարզապես բարի խոսք»:
Ինչ վերաբերում է մեր հարցին, թե ի՞նչ է մաղթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պարոն Աշոտյանն ասաց, որ միակողմանի մաղթանքներ չեն լինում. «Եթե առիթ լիներ միմյանց հետ մաղթանքներ փոխանակելու, իմասնություն կմաղթեի: Բայց նորից կրկնեմ՝ ցանկացած մաղթանք պետք է փոխադարձ լինի: Միակողմանի ոչինչ չեմ մաղթի»:
Օֆելի Իսրայելյան