Քաղաքական Միջազգային գլխավոր 

Ինչու ԱՄՆ-ը սպանեց իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին

Իրաքում Ամերիկյան ռազմական ուժերի հռթիռակոծության հետևանքով զոհվել է իրանցի զորահրամանատար, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին: Այս իրադարձությունն արդեն տակնուվրա է արել Իրանը և համաշխարհային քաղաքականությունը. չեն դադարում տարբեր երկրներից արձագանքներն ու մեկնաբանությունները: Պենտագոնը հաստատել է, որ հրամանը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը անպատասխան չի թողնելու այս հարվածը: ԱՄՆ-ն իր հերթին հորդորել է իր քաղաքացիները լքել Իրաքի տարածքը:

Analitik.am-ին միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ասաց, թե ամերիկացիները հայտարարում են, որ հենց նա է կազմակերպել դեկտեմբերի 31-ին Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը և կարծիք հայտնեց, որ մեծ հաշվով, ամերիկացիները այսպիսով փորձեցին պատժել գեներալին հենց այդ հարձակումը կազմակերպելու համար:

Միջազգայնագետը չբացառեց, որ իրանցի գեներալի սպանությունը և այն ինչ տեղի է ունենում այս պահին Իրանի և ԱՄՆ-ի միջև, ազդելու է նավթի համաշխարհային գների վրա, քանի որ արդեն նման տեղեկություններ են թափանցել մամուլ: Նա նաև նշեց՝ ակնհայտ էր, որ Իրանը պատասխանելու էր ԱՄՆ հարվածին և արդեն այդ մասին պաշտոնապես հայտարարել է: Նման իրավիճակը ազդելու է ոչ միայն նավթի համաշխարհային գների, այլ համաշխարհային քաղաքականության վրա. Իրանի պատասխանը չի ուշանա:

«Չեմ կարծում, որ Իրանի կամ ԱՄՆ տարածքում որևէ գործողություն տեղի ունենա, ավելի հավանական է, որ բախումներ կլինեն Իրանի հարևան երկրներում, որտեղ կան և ԱՄՆ, և իրանական զինված ուժեր»,- ասաց միջազգայնագետը և որպես բախումների հնարավոր թատերաբեմ մատնանշեց Սիրան, Լիբանանը, Արաբական թերակղզին:

Սուրեն Սարգսյանը հիշեցրեց, որ Իրանի հարևանությամբ և ոչ հեռու տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները հասանելի են իրանական հռթիռների համար՝ չբացառելով նաև որևէ գործողություն անգամ Ադրբեջանի տարածքում: Իսկ թե ինչ է սպասվում ընդհանրապես Իրանին ԱՄՆ կողմից, Սարգսյանը հավանական համարեց, որ կսկսվի պատժամիջոցների խստացման մի ալիք ևս:

Ըստ նրա, բացի պատժամիջոցների խստացումից, տնտեսական և քաղաքական ճնշումների խստացումները ևս հավանական են:

«Փաթեթը չի սահմանափակվի միայն պատժամիջոցներով, Իրանի շահերին հակասող գործողությունենր կիրականացվեն ողջ Արաբական թերակղզու տարածքում: Կարծում եմ, որ ԱՄՆ-ին ակտիվ կաջակցի նաև Իսրայելը»- ասաց նա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից