Հասարակություն 

Հայտնի հայեր, ովքեր հեռացան 2019 թվականին, սակայն հավերժ կմնան սերունդների հիշողության մեջ /Լուսանկարներ/

2019 թվականին կյանքից հեռացան ծագումով հայտնի հայ գործիչներ սպորտի, մշակույթի և հոգևոր աշխարհից, գրում է Ռուսարմինֆոն։

Ստորև ներկայացնում ենք հայտնի հայ գործիչների, ովքեր կյանքից հեռացան անցած տարի:

Միշել Լեգրան

2019 թվականի հունվարի 26-ին, 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ ծագումով հայ, ֆրանսիացի լեգենդար կոմպոզիտոր Միշել Լեգրանը:

Միշել Ժան Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում՝ Ռեյմոնդ Լեգրանի և հայուհի դաշնակահար Հայկանուշ Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում:

Լավագույն կոմպոզիցիայի համար Լեգրանը երեք անգամ ստացել է «Օսկար»: Նա նաև հնգակի Գրեմմի և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է:

Մեսրոպ Մութաֆյան

Մարտի 8-ին, Ստամբուլում, 62 տարեկան հասակում, մահացավ Կոստանդնուպոլսի Հայ Առաքելական եկեղեցու 84-րդ պատրիարքը, Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

Պատրիարքի մահվան պատճառը եղել է երկարատև հիվանդությունը, որի պատճառով նա գամված էր անկողնուն:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն պատրիարք է ընտրվել 1998 թվականին:

Ֆրիդ Սողոյան

Հուլիսի 31-ին, Մոսկվայում, 83 տարեկան հասակում, կյանքից հեռացավ հայտնի հայ քանդակագործ Ֆրիդ Սողոյանը:

Ֆրիդ Սողոյանը ծնվել է 1936 թվականին Գյումրիում: 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով։

Ֆրիդ Սողոյանի գործերը պահվում են թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

Շառլ Ժերար

Ֆրանսիացի հայտնի դերասան և ծագումով հայ ռեժիսոր Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան) մահացավ սեպտեմբերի 20-ին Փարիզում՝ կյանքի 93-րդ տարում:

Շառլ Ժերարը ծնվել է 1926 թվականին դեկտեմբերի 1-ին Մարսելում։

Շառլ Ժերարն աշխատել է ֆրանսիական կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Լելուշը, Կլոդ Զիդին, Ֆրենսիս Վեբերը, Անրի Վեռնոյը, իսկ առավել հայտնի են նրա մասնակցույաամբ «Խաղալիք» (Պիէր Ռիշարի հետ, ռեժիսոր Ֆրենսիս Վեբեր) և «Հրեշը» (Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ, ռեժիսոր Կլոդ Զիդի) ֆիլմերը:

Սամվել Մնացյան

Հոկտեմբերի 5-ին, 29 տարեկան հասակում, մահացավ հայազգի ռուս հոկեյիստ Սամվել Մնացյանը:

Սիբիրյան հոկեյի ակումբի խաղացողի մահվան պատճառը եղել է քաղցկեղը, որի դեմ նա պայքարել է մեկ տարի:

Ի հիշատակ Սամվել Մնացյանի՝ հոկտեմբերի 6-ին, մայրցամաքային հոկեյի լիգայի բոլոր հանդիպումները սկսվել են մեկ րոպե լռությամբ:

Աշոտ Բոլյան

Նոյեմբերի 13-ին, Մոսկվայի իր տան մոտ հրազենային վնասվածքից մահացավ թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը։

Բոլյանն իր կարիերայի ընթացքում երեք անգամ հռչակվել է WPKA վարկածով թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ունի բազմաթիվ այլ մրցանակներ:

Բոլյանը հարվածի արագության յուրահատուկ ռեկորդ ունի. Մեկ վայրկյանում նա կատարել է 11 հարված, որից 8-ը՝ ձեռքով և 3-ը ոտքով:

2004 թվականին Աշոտ Բոլյանն ավարտեց մարզական կարիերան և Հայաստանից տեղափոխվեց Ռուսաստան։

Գոհար Վարդանյան

2019 թվականի նոյեմբերի 25-ին, կյանքից հեռացավ լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը:

Գոհար Վարդանյանի ամուսինը՝ իր ժամանակների լավագույն հետախույզներից Գևորգ Վարդանյանը, մահացավ 2012 թվականի հունվարի 10-ին:

Վարդանյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և այլոք։

Նոյեմբերի 29-ին, Մոսկվայում տեղի ունեցավ լեգենդար հետախույզի հետ հրաժեշտի արարողությունը:

Նույն շարքից