2020 թվականի մազերի ակտուալ գույների և թրենդային սանրվածքների մասին Analitik.am-ը զրուցել է «ՀերմիՆա» գեղեցկության սրահի հիմնադիր տնօրեն, ոճաբան, վարսահարդար Հերմինե Հարությունյանի հետ, ում խոսքերով, մազերի համար տարվա ակտուալ գույներն են մանուշակագույնը, վարդագույնը և կաթնագույնը. «Տարվա մեջ գոյություն ունեն թրենդ և մոդա հասկացություններ: Ամեն տարի ունի իր թրենդը: Դրանք որոշում են հատուկ ոճաբաններն, իսկ մոդան՝ մենք՝ մասնագետներս, ենք տարածում: Թրենդից վերցնում ենք ինչ-որ շտրիխ և այն տարածում»:
Չնայած նրան, որ 2020 թվականն Առնետի տարի է, վարսահարդարը խորհուրդ չտվեց մազերը մոխրագույն ներկել. «Կարծիք կա՝ եթե Առնետի տարի է, ուրեմն մոխրագույնն է նորաձև, բայց նման բան չկա, այդ գույնն անցած տարի էր նորաձև»:

Մեզ հետ զրույցում ոճաբանը գործնական խորհուրդներ տվեց նորաձևությանը հետևող կանանց, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում. «45 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում ունենալ ավելի կարճ սանրվածքներ, որովհետև տարիքին զուգահեռ մազերը պետք է ավելի կարճ լինեն: Բացի դրանից, սանրվածքներն ուղիղ կապ ունեն դեմքի ձևի հետ, ուստի պետք է նաև դա հաշվի առնել»:

Ինչ վերաբերում է երիտասարդ կանանց, ապա Հերմինե Հարությունյանը խորհուրդ տվեց ունենալ երկար և բնական մազեր:
Օֆելի Իսրայելյան