Վաշինգտոնը սկսել է պատրաստվել Իրանի հնարավոր պատասխանին, որը կարող է լինել Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո: Այս մասին գրում է Associated Press-ը՝ նշելով, որ խոսքը մասնավորապես վերաբվերում է ամերիկացի բարձրաստիճան զինվորականների նկատմամբ հնարավոր մահափորձերին:
Գործակալությունը փոխանցում է, որ Մերձավոր Արևելքում գտնվող նավերն արդեն ստացել են համապատասխան զգուշացումը: Աղբյուրը փոխանցում է, որ Վաշինգտոնում խոշոր հարձակման սպասում են առաջիկա օրվա կամ երկու օրերի ընթացքում:
ԱՄՆ պաշտոնական դեմքերը նաև ենթադրում են՝ հնարավոր է, որ հարձակում լինի բարձրաստիճան պաշտոնյայի կամ զինվորական հրամանատարի նկատմամբ:
Ինչ վերաբերում է իրանական կողմին, ապա կոնկրետ տեղեկություններ կան իրանական նավերի դասավորության փոփոխության մասին: Այս պահին փոփոխության նպատակը հայտնի չէ, սակայն նավերը կարող են արագ հարձակման անցնել:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք: