Հասարակություն 

Ինչպես չաշխատել. վարպետության դաս՝ Արսեն Թորոսյանից

Ինչպես արդեն հայտնել ենք Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել: Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհները: Պատճառն Առողջապահության նախարարության կողմից ծննդատան փակման գործընթացի մեկնարկն է, որից հետո շրջակա համայնքների բնակիչներն իրենց առողջական խնդիրներով պետք է դիմեն Գյումրիի կամ այլ քաղաքի առողջապահական կենտրոններ: Բժշկական կենտրոնի աշխատակիցները դառնալու են գործազուրկ:

Analitik.am-ի հետ զրույցում Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասաց, որ արդեն 2-3 տարի է ծննդատան հետ կապված խնդիրներ կան:

«2019 թվականին ֆինանսական խնդիրներ էր առաջացել, տնօրենը դիմեց մեզ, մենք համայնքապետարանով՝ ավագանու որոշում կայացրեցինք և 1,5 մլն դրամ փոխանցեցինք ծննդատանը, որպեսզի տարվա ընթացքում խնդիրներ չառաջանա, սակայն տարվա վերջում՝ դարձյալ խնդիրներ առաջացան»,-ասաց նա:

Գևորգյանը հիշեցրեց, որ առողջապահական կենտրոնները ենթարկվում են մարզային իշխանություններին, նաև առողջապահության նախարարության ենթակայության են: Համայնքապետարանի իրավասություններն այս հարցում քիչ են, սակայն պատրաստ են աջակցելու, որպեսզի հիվանդանոցը չփակվի:

Անի համայնքապետը կարևորեց հիվանդանոցի և ծննդատան գոյությունը Մարալիկի և տարածաշրջանի բնակիչների համար. «Շատ կարևոր է թե՛ ծննդատունը, թե՛ հիվանդանոցը, քանի որ Անի համայնքն ունի 90 կմ ձգվածություն: Հետևաբար ամբողջ տարածաշրջանում, նաև լինելով խշորացված համայնք՝ ծննդատան և հիվանդանոցի գոյությունն անհրաժշետություն է»։

Հարցին՝ արդյո՞ք տարածաշրջանում այլ ծննդատուն չկա, գուցե ծնունդների թիվն իրոք պակաս է, Գևորգյանը բացասական պատասխան տվեց և ասաց, որ Մարալիկի ծննդատունը սպասարկում է 17 համայնք: Ինչ վերաբերում է  ծնունդների պակաս լինելուն, համայնքապետը նշեց, որ ծննդատունը սարքավորումներով ապահովելու կարիք ունի, որից հետո կարող են նաև մասնագետներ հրավիրել․ «Բնակիչները, ելենելով իրենց հնարավորություններից՝ դիմում են այլ կենտրոններ»:

Գևորգյանը նշեց նաև, որ մի քանի տարի առաջ Բժշկական կենտրոնը վերանորոգվել է և համայնքը ևս ներդրում է ունեցել։ Այսօր էլ պատրաստ են աջակցելու, եթե դրա կարիքը լինի․ «Նախ պետք է ծննդատան գույքային ապահովվածության հարցը լուծել, նաև մասնագիտական կադրերով ապահովել, որպեսզի  հիվանդանոցն ավելի ճիշտ ձևով կարողանա աշխատել: Հիվանդանոցները ենթարկվում են մարզային իշխանությունենրին և առողջապահության նախարարությանը, իրենք են համապատասխան պայմաններ ստեղծողը: Ծննդատան ներդրումներին մասնակցություն ապահովելու համար համայնքապետարանը պատրաստակամ է»,- շեշտեց Անի համայնքի ղեկավարը:

Առողջապահության նախարարությունը փոխարենը մտածի տարածաշրջանի 17 համայնքի բնակիչներին որակյալ բուժօգնություն տրամադրելու մասին, վերազինի և մասնագետներ հրավիրի՝ փակում է ծննդատունը, որպես հարցի լուծում:

Նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ պետք է տարեկան 150 ծնունդ լինի՝ ԲԿ-ի հետագա գործունեության շարունակության համար, սակայն 2018 թվականին 126 ծնունդ է գրանցվել, իսկ 2019-ին՝ 105:

Իսկ թե ով է մեղավոր՝ նախարարությունը մեկնաբանություն չունի և չի պատասխանում այն հարցին, թե ինչու են տարածաշրջանի բնակիչները դիմում այլ բուժկենտրոններ. վերազինելու փոխարեն՝ առողջապահության նախարարը փակում է ԲԿ-ն:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից