Քաղաքական Միջազգային 

Ինչ կարող է անել Հայաստանը իրանա-ամերիկյան բարդ հարաբերությունների կարգավորման գործում

Ինչպես արդեն հայտնել ենք, այս գիշեր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարված է հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ զինված ուժերի կողմից օդային հարվածի արդյունքում մահացավ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր պատերազմի, ինչպես նաև այն ազդեցության մասին, որը կարող է լինել Հայաստանի վրա, Analitik.am-ը խոսել է իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ, ով չբացառեց, որ վերջին իրադարձությունները կարող են հանգեցնել պատերազմի. «Պատերազմն անխուսափելի չէ, մանավանդ, եթե հետևենք իրանական կողմի հայտարարություններին: Իրանցիները հայտարարում են, որ տեղի ունեցածը մշակված սցենարի ընդամենն առաջին փուլն է»:

Հարցին՝ ինչ պետք է անի Հայասանը, եթե կողմերն անցնեն պատերազմական գործողությունների, Տոնոյանն ասաց, որ մեզ մնում է միայն սպասել:

ԱՄՆ-Իրան կոնֆլիկտում չենք կարող բացառել Իրանից փախստականների հոսքը մեր երկիր, արդյո՞ք Հայաստանն ունակ է ընդունել մեծ թվով փախստականների:

Մեր հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ հնարավոր հումանիտար աղետն այդ ժամանակ կթակի նաև մեր դուռը, իրանագետն ասաց՝ եթե տեղի ունենան լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հիմնական խնդիրը դրան կվերաբերի. «Հիմնական խնդիրը, որ կունենա ոչ միայն Հայաստանը, այլ՝ Իրանի հարևանները, վերաբերում է այդ հումանիտար ճգնաժամին՝ փախստականների հոսքեր և այլն: Բնականաբար հավանական է, որ այդ աղետը լինի Հայաստանում և Իրանի հարևան երկրներում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԱՄՆ-Իրան զարգացումների վրա ռեալ որևէ կերպ ազդելուն, մեր զրուցակիցը նշեց՝ խոսվում էր այն մասին, թե Հայաստանը կարող էր լավագույն դեպքում հանդես գալ, որպես միջնորդ երկիր, եթե ունի նմանատիպ հնարավորություններ. «Ռազմական գործողությունները հարևան պետության համար պարունակում են որոշակի վտանգներ, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությանը, որի հետ ունենք բաց սահման»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից