Իրաքի իշխանություններն Իրանից նախազգուշացում են ստացել ԱՄՆ ռազմական բազաների վրա մոտալուտ հրթիռային հարձակման մասին: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին, հայտնում է Sky News-ը:
Նրա խոսքերով, «պաշտոնական բանավոր հաղորդագրությունն» այն մասին, որ Թեհրանը գիշերը հարձակում է գործելու ամերիկյան բազաների վրա՝ ի պատասխան Ղասեմ Սուլեյմանիի սպանության, ստացվել է հունվարի 8-ի կեսգիշերից անմիջապես հետո: Միևնույն ժամանակ, Բաղդադի իշխանությունները չեն իմացել հարվածի ճշգրիտ ժամանակը և չեն ստացել այն օբյեկտների ցուցակը, որոնք ենթարկվելու են հարձակման:
«Հարձակման մասին հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո, իրաքյան ռազմական առաջնորդները ձեռնարկել են անհրաժեշտ նախազգուշական միջոցները: Պարոն գլխավոր հրամանատարը (...) ստեղծում է անհրաժեշտ արտաքին և ներքին կապերը՝ փորձելով զսպել իրավիճակը և չմտնել բացահայտ պատերազմի մեջ»,-ասել է Աբդուլ-Մահդին: