Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության վրեժը լուծված է, Թեհրանը Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի բացակայության դեպքում նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այսկերպ Ռավանչին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին Թեհրանի արձագանքի մասին․ «Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը: Այն ավարտված է»,-խոստովանել է Թախտ-Ռավանչին:
Դիվանագետը նշել է, որ Իրանը գործել է ՄԱԿ-ի Կանոնադրության՝ ինքնապաշտպանության իրավունքի մասին 51-րդ հոդվածի հիման վրա: ԱՄՆ-ի կողմից ևս մեկ ռազմական գործողության դեպքում Թեհրանն այլ ելք չի ունենա, քան պատասխանելը, հավելել է Թախթ-Ռավանչին: