Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի բնակիչների համար երազանք է դարձել խմելու մաքուր ջուրը: Պղտոր հոսող ջուրը ներկայացված է Լոռի Վանաձոր ֆեյսբուքյան էջում: Տեսանյութի տակ Վանաձորի բնակիչները մեկնաբանություններ են թողել, որոնցից մեկը նշում է, որ իրենք օրվա ընթացքում մի քանի ժամով են խմելու ջուր ստանում: Օգտատերերից մյուսը նշում է, որ Վանաձորում մի քանի թաղամաս է մնացել, որտեղ մի քանի ժամով են խմելու ջուր տալիս, իսկ ջրի որակը՝ ինչպես տեսանյութում հոսող ջուրը: Քաղաքացիները նաև ահազանգում են, որ բացի այն, որ խմելու ջուրը պղտոր է, այն նաևգարշելի հոտ ունի։
Ի դեպ, համապատասխան տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը նշել էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, սակայն պաշտոնյաները «հեռացրել են» իրենց անունները նշումներից:
Խնդրին անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստանից» Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը. «Խնդիրն ընդհանուր ուսումնասիրել ենք այսօր, արդյունքների մասին կտեղեկացնենք, իսկ բնակիչներից սպասում ենք դիմումի, որպեսզի նաև պաշտոնապես դիմենք բոլոր պատկան մարմիններին»:
Analitik.am-ի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը հայտնեց, որ ինչպես Լոռու մարզում, այնպես էլ երկրի տարածքում դեռևս աշնանից տեղումների պակաս է նկատվում, և քանի որ որոշ քաղաքներում խմելու ջուրը վերցվում է մակերևութային ջրերից՝ գետերից՝ նման խնդիրներ պատահում են․ «Վանաձորի այդ հատվածը՝ Ներսիսյան նրբանցքը, ջուր ստանում է գետից, մաքրման կայանով անցնելուց հետո: Երբ ջրի քանակը նվազում է, իսկ տոնական օրերի հետ կապված ջրի պահանջարկը ավելանում, դիմում ենք ռեզերվային գծի օգնությանը»,-ասաց նա:
Ըստ պատասխանատուի, ջրի ռեզերվային գծից ուշ-ուշ են օգտվում և չնայած մատակարարվելուց խողովակները մաքրվում են, երբեմն ժանգոտ ջուր է հոսում, ինչպես այս դեպքում:
Սարգսյանը նաև մեկնաբանեց, թե ինչու է խնդիրը կապված հատկապես Ներսիսյան նրբանցքի հետ: Ըստ նրա, թիվ 3 և 5 բազմաբնակարան շենքերում նման իրավիճակ է առաջացել, քանի որ այդ շենքերը գտնվում են քաղաքի ստորին հատվածում, վստահեցնելով, որ լաբորատորիայի աշխատակցիները գնացել են նմուշառումներ կատարելու․ Ջուրն արդեն մաքրված է եղել և ստուգված ջրում առողջության համար վնասակար նյութեր չեն հայտնաբերվել:
«Այդ տարածքում 6-ժամյա ջրամատակարարում է: Մեր համակարգում գտնվող քաղաքներում, որտեղ ջուր ենք մատակարարում բաց մակերևույթներից՝ գետերից, ունենում ենք ջրի որակի հետ կապված խնդիրներ»,- պարզաբանեց Սարգսյանը, վստահեցնելով, որ պղտոր և ժանգոտ ջուրն արագ հոսել-մաքրվել է:
Գոհար Ստեփանյան