Հասարակություն 

Ինչու են Ալավերդիում քանդվել Ցարական շրջանի շենքերը

Ժամանակ առաջ տեղեկություն էր շրջանառվում մամուլում, որ Ալավերդիում՝ Սանահին կայարանի հարևանությամբ, քանդում են Ցարական շրջանի շենքերը: Նշենք, որ քանդված շենքերը շատ «մեծահասակ» են սակայն պետական պահպանության և պետության համար մշակութային արժեք ներկայացնող շենքերի ցանկում չկան:

Analitik.am-ի հետ զրույցում Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը հաղորդեց, որ միջպետական ճանապարհի շրջանակներում այդ շենքերը ճանաչվել են գերակա շահ և քանդվել. «Այդ շենքերը պատմամշակութային շենքերի ցանկում չեն եղել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը հաստատվել է կառավարության որոշմամբ: Այս ճանապարհի շինաշխատանքների համար հանրային գերակա շահ են ճանաչվել հողատարածքներ, որոնք կառավարության որոշման հավելվածում նշվում են ծածկագրերով:

Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներն այն ճանապարհներն են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհները այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը: Հայաստանն ունի 17 միջպետական նշանակության ճանապարհ, որոնք դասակարգվում են օրենքով նախատեսված կարգով: Համաձայն օրենքի՝ միջպետական նշանակության ճանապարհների անվանումները սկսվում են «Մ» («M») տառով: Մ3 միջպետական ճանապարհի երկարությունը 91.2 կմ է: Այն սկսվում է Վանաձոր քաղաքից և ձգվում է դեպի Վրաստանի սահմանը՝ անցնելով Ալավերդի քաղաքով:

Ի դեպ, հիշեցնենք, որ Մ-6 միջպետական ճանապարհի վերաբերյալ որոշումը կայացվել է դեռևս 2017թ-ի նոյեմբերի 9-ին:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից