Հասարակություն 

Ինչքան հայ է ապրում Իրանում, որը գտնվում է ԱՄՆ-ի դեմ պատերազմի շեմին

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում պատմում է Իրանում ապրող հայ համայնքի մասին.

«ՀԱՅԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ

ԻԻՀ-ում բնակվող հայերի թիվը չի գերազանցում 60.000-ը: Իսլամական հեղափոխության շրջանում (1978-1979) եւ դրան հաջորդած տարիներին երկրից հեռացել է շուրջ 150.000 հայ։

Թեմական առումով հայ համայնքն ընդգրկված է երեք տարածաշրջանում` Ատրպատականի թեմ (կենտրոնը` Թավրիզ), Սպահանի թեմ ու Թեհրանի թեմ, որոնք մինչև 1956-ը գտնվում էին Էջմիածնի Մայր Աթոռի (ներկայումս` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության) ենթակայության տակ: Իրանում գոյություն ունեն նաեւ հայ կաթոլիկ ու հայ ավետարանական համայնքներ։

Հյուսիս-արեւմտյան Իրանում (Ատրպատականի թեմ) 1970-ական թթ. բնակվում էր շուրջ 30.000 հայ, որից 10.000-ը` Թավրիզում (2015-ին Թավրիզի հայության թիվը հասնում էր 2000-ի)։ Ատրպատականում հայության թիվը ներկայումս չի գերազանցում 3.000-ը։ Թեմում կա 57 եկեղեցի:

Սպահանի թեմն ընդգրկում է Սպահան, Ֆարս, Ահվազ նահանգները։ Հայերը հիմնականում բնակվում են Սպահանում, Շիրազում, Շահինշահրում, Ահվազում, Աբադանում ու Փերիայում (Փերիան Իրանի ամենամեծ հայաբնակ գավառն էր, ուր մինչեւ 1946թ. հայրենադարձությունը կար քսանչորս հայաբնակ գյուղ` 16.000 բնակչությամբ։ Ներկայումս ամբողջությամբ հայաբնակ է միայն Բոլորանը): Նախքան իսլամական հեղափոխությունը թեմում հայության թիվը հասնում էր 10.000-ի, ներկայումս չի գերազանցում 6000-ը։ Դարասկզբին կար 24, ներկայումս` 12 գործող եկեղեցի։

Ամենամեծը` Թեհրանի թեմն է (Թեհրան, Համադան, Խորասան, Մազանդարան, Գիլան): Թեհրանում, ուր ապրում է շուրջ 50.000 հայ, կան յոթ գործող եկեղեցիներ, երեք տասնյակից ավելի դպրոցներ ու մանկապարտեզներ, տասնյակ մարզամշակութային կազմակերպություններ ու միություններ, հայագիտական կենտրոններ, ազգային բուժարան, հրատարակվում են հայկական թերթեր ու ամսագրեր»:

Նույն շարքից