Երեկ՝ հունվարի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարբեր օբյեկտների սանհանգույցների խնդրին՝ խոսելով դրանց ոչ բարվոք վիճակի մասին. «Տեսնում ես՝ որևէ տեղ բացված է 5-հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են և այլն, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է, թե, ասենք, աղետյալ ինչ-որ մի շրջանում ես գտնվում»:
Կառավարության ղեկավարը կոնկրետ ռեստորանի անուն չհնչեցրեց, դրա համար մեզ մնում է միայն ենթադրություններ անել: Քանի որ վարչապետը վերջրես «Փարավանում» մասնակցեց Գագիկ Ծառուկյանի դեստեր ու Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությանը, մենք փորձեցիք այդ համալիրից ճշտել, թե ինչ վիճակում են իրենց զուգարաններն ու ինչպիսի տպավորություններով է Փաշինյանը հեռացել:
Analitik.am-ի հետ զրույցում «Փարավոն» համալիրի մենեջեր ներկայացած աշխատակիցը, ով այդպես էլ չասաց իր անունը, նշեց, որ Փաշինյանը շատ գոհ է եղել. «Մեր անձնակազմը շատ գերազանց է աշխատել, և առհասարակ՝ մենք ոչ մի թերություն չունենք»:
Չնայած մենեջեր ներկայացողի պնդմանը, թե թերություններ չունեն, ակնհայտ է, որ այնտեղ լրագրողների հետ շփվելու կուլտուրայի մասով խնդիրներ կան: Դա գոնե մեզ հետ զրույցում ակնհայտ էր:
Ինչ վերաբերում է ոսկեջրած աթոռներին, ապա տվյալ ռեստորանում այդպիսինները չկան: Չկան նաև այնպիսի շքեղ աթոռներ, որոնք ոսկեջրածի տպավորություն են թողնում:
Հաշվի առնելով նիստի ընթացքում սանհանգույցների հետ կապված Փաշինյանի բողոքը՝ փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք տվյալ ռեստորանում սանհանգույցները նույնքան ճոխ և գեղեցիկ են, որքան՝ սրահը. «Ես չգիտեմ ինչ ստանդարտներով եք հարցնում: Մեր մոտ ընդհանրապես բողոք չկա՝ ամեն ինչ ստանդարտներին համապատասխան է: Ինչ-որ մի բանում գերազանցում չունենք»:
Օֆելի Իսրայելյան
Լուսանկարը Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությունից: