Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը կոչ է արել պատժել Ռուսաստանին Իրանում խոցված Boeing 737-800-ի համար: Մոսկվան կարող էր մասնակցություն ունենալ աղետի նախապատրաստմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչը, փոխանցում է Լենտան։
«Խոցված ուկրաինական Boeing-ի համար պետք է պատասխան տա ոչ միայն Իրանի ղեկավարությունը, այլև Ռուսաստանի Դաշնությունը»,-գրել է Տուրչինովը:
Նախկին քարտուղարը նշել է, որ սարսափելի ողբերգությունը չի կարող անպատիժ մնալ, զոհվածների հարազատներն ու ընկերներն արդարության կարիք ունեն․ «Սա արդեն երկրորդ ուղևորատար օդանավն է, որը վերջերս ոչնչացվել է ռուսական հրթիռով»,-ասել է Տուրչինովը՝ հիշեցնելով 2014 թվականին Դոնեցկի մերձակայքում մալազիական Boeing- ի կործանումը։
Մոսկվան փորձել է ոչ միայն սատարել իր ռազմավարական գործընկեր Իրանին, այլև ապատեղեկացնել միջազգային հանրությանը՝ հանդես գալով «սարսափելի ողբերգության կեղծ վարկածներով», գրել է ուկրաինացի քաղաքական գործիչը:
Տուրչինովի խոսքերով, Ուկրաինան պետք է անհապաղ պահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի ապահովի օբյեկտիվ հետաքննությունն ու ոչ միայն Իրանին, այլև նրա ռազմական դաշնակից Ռուսաստանին պատասխանատվության ենթարկի:
Ըստ քաղաքական գործչի, Մոսկվան համակարգված կերպով աջակցում է ահաբեկչությանը, Թեհրանին մահացու զենք է մատակարարում՝ միջազգային պատժամիջոցների խախտումներով, վերապատրաստված ռազմական մասնագետներով, և չի բացառվում, որ նա ուղիղ աջակցություն է ցուցաբերել հունվարի 8-ին հրթիռային հարձակման նախապատրաստման գործընթացին: