Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը վերջապես պետք է կողմնորոշվի՝ ինքն ո՞ւմ վարչապետն է. Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք հետապնդումների են ենթարկվել իշխանությանը ոչ հաճելի ԶԼՄ-ների սեփականատերերը, լրագրողները։ Իհարկե, ամեն իշխանություն ուներ հետապնդումների իր սիրելի գործիքակազմը՝ սկսած ծեծի ենթարկելուց վերջացրած ապօրինի բանտարկելով և գույք ոչնչացնելով։

Վստահ եմ, որ Հայաստանի ԶԼՄ ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ իրականացված հետապնդումներից քաջատեղյակ է նաև ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ես հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կարելի էր սպասել ամեն ինչ, բացի ԶԼՄ ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները, քանի որ գործ ունենք մարդու հետ, ով շատ լավ պետք է հասկանար, ինքն իր մաշկի վրա զգացած լիներ ԶԼՄ-ներին հետապնդելու ծանր հետևանքներն, ինչպես նաև անթույլատրելիությունը։

Ցավոք, ականատես ենք լինում մի վիճակի, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արդեն նորմալ է դառնում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ տարաբնույթ հետապնդումները, ԶԼՄ-ներին սևերի և սպիտակների բաժանելը, յուրային ու թշնամի լրագրողներ առանձնացնելը, թշնամի հռչակված ԶԼՄ-ների վրա հարձակումները, վարկաբեկման փորձերը և այսպես շարունակ։

Այս վիճակի միակ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է, ով պետք է վերջապես կողմնորոշվի՝ ինքն ո՞ւմ վարչապետն է, ո՞ւմ անվտանգության երաշխավորն է՝ իրեն ընտրած մարդկա՞նց, թե՞ բոլորի: Եթե ինքն իրեն չի համարում բոլոր ՀՀ քաղաքացիների, ԶԼՄ-ների՝ այդ թվում «ամենասև» ԶԼՄ-ների ազատության և անկախության երաշխավոր, այլ հետապնդելու է կամ էլ աչք է փակելու հետապնդողների վրա, ապա պետք է հասկանալ այդ դեպքում, ինչո՞ւ է, օրինակ, այդ ԶԼՄ-ն կամ քաղաքացին հարկ վճարում, եթե այդ հարկը ծախսող իշխանությունը փաստացի չի ընդունում, որ պարտականություն ունի այդ քաղաքացու, ԶԼՄ-ի հանդեպ»:

Նույն շարքից