Քաղաքական 

Մեկ-երկու կատակ ենք արել Հրայր Թովմասյանի հետ. Արարատ Միրզոյան

Ես չգիտեմ, թե ինչի մասին է նա խոսում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե իրեն զգուշացրել են, որ հրաժարական չտալու դեպքում քրեական գործ են հարուցելու:

«Հրայր Թովմասյանի, կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առերևույթ կամ իրեն մեղսագրվող հանցագործությունը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած պաշտոնի հետ, այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ մենք հիմա ինչ-որ գործողություններ ենք անում: Քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Միրզոյանը:

Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ իշխանությունները ՍԴ դատավորների արտամուսնական կապերի մասին տեղեկություններ են հավաքում նրանց հրաժարական պարտադրելու համար, Միրզոյանը նշեց, որ անհեթեթությունների մասին հարցեր պետք չէ տալ իրեն, ինքն այդքան ժամանակ չունի մտացածին բաներ մեկնաբանելու համար:

Միրզոյանի խոսքերով, ՍԴ-ում ճգնաժամ կա, այն շարունակվում է, հանգուցալուծում չի ստացել:

Սուրբ Ծննդյան տոների ժամանակ Միրզոյանը զրուցել է Հրայր Թովմասյանի հետ: Արդյո՞ք վերջինս փոխանցել է իր մտահոգությունները: Միրզոյանի խոսքերով, իրենք ուղղակի մեկ-երկու կատակ են արել:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի մասով քրեական գործին, Միրզոյանը պնդեց, որ այն լինելու էր, եթե նույնիսկ վերջինս հրաժարական տար:

Նույն շարքից