Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը դեմ է, որ մանկապարտեզների սենյակներում տեսախցիկներ տեղադրվեն

Դիտարկվում է արդյո՞ք մանկապարտեզների սենյակներում տեսախցիկների տեղադրման հարցը: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը դա վատ պրակտիկա է համարում. «Մեր երեխաները չպետք է անընդհատ լինեն հսկողության տակ: Ես հարցն ուսումնասիրել եմ, երբ Երևանի ավագանու անդամ էի: 1-2 մանկապարտեզի դեպքում խնդիրներ եղան և ես գիտեմ, որ կարգավորումները դա թույլ չեն տալիս, որովհետև երեխան չպետք է մշտապես լինի կամերաների հսկաողության տակ, դա առնվազն հոգեբանական խնդիրներ է առաջացնում»:

Ինչ վերաբերում է ժամերին, փորձ է արվում մեխանիզմ ներդնել, որը թույլ կտա հավելյալ վճարելու միջոցով երեխաներին մանկապարտեզներում թողնել նաև ժամը 17:00-ից հետո: Հարցի մանրամասները կարող են որոշել ծառայություններ մատուցողներն ու դրանցից օգտվողները. «Սակայն մեր խորին համոզմամբ, այդ տարիքում երեխաները պետք է շատ ժամանակ անցկացնեն ծնողների հետ, պետք է մեխանիզմներ ստեղծենք, որ երեխան նման հնարավորություններ ունենա: Ցանկալի չէ, որ երեխան 08:00-ից մինչև 21:00-ն ծնողի հետ չլինի»:

Նույն շարքից