Չինաստանն ԱՄՆ-ի ապագայի համար ամենամեծ սպառնալիքն է, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Ջեյմս Ջոնսը, ով աշխատել է նաև Բարաք Օբամայի վարչակազմում՝ Սպիտակ տանը: Նրա խոսքերը մեջբերել է CNBC-ն:
Փորձագետը նշել է, որ Չինաստանն օգտագործում է «տրոյական ձի» ռազմավարությունն՝ իր ազդեցությունն ամբողջ աշխարհում ուժեղացնելու համար, ներառյալ՝ Միացյալ Նահանգներում․ «Նրանք (Չինաստանը) ներխուժում են տնտեսություն, գնում են հնարավոր ամեն ինչ և կարող են վճարել բոլորին, որպեսզի ճնշում գործադրեն երկրների տնտեսությունների վրա»,-ասել է Ջոնսը:
Նախկին խորհրդականը հավելել է, որ այն ընթացքում, երբ Միացյալ Նահանգներն ուշադրություն չի դարձրել Չինաստանին, Պեկինն առաջընթաց է արձանագրել և Վաշինգտոնի համար դարձել է իսկական մրցակից: Այժմ նա մտադիր է «փոխարինել Միացյալ Նահանգներին՝ որպես աշխարհում գերիշխող մշակույթ»: Ըստ Ջոնսի, ԱՄՆ-ն կարող է հաղթել Չինաստանի հետ մրցավազքում՝ տեխնոլոգիաների, մասնավորապես՝ հեռախոսային կապի համակարգերի և գերարագ ինտերնետի միջոցով: