ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշել է փակել թվով 9 ծննդօգնության ծառայություն իրականացնող բուժհիմնարկները՝ հիմնականում մարզային:
Խնդրի կենտրոնում է հայտնվել Շիրակի մարզի Մարալիկ համայնքի՝ խոշորացված Անին, որտեղ ծննդօգնության ծառայությունը սպասարկում է շուրջ 17 համայնք, որոնց ընդհանուր երկարությունը շուրջ 90 կմ է:
ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանն Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համապատասխան փաստաթուղթն Առողջապահության նախարարությունից ստացել են դեռևս 2019 թվականին, որի համաձայն՝ Մարալիկի հիվանդանոցին մակարդակ չի տրամարդվելու:
Ըստ նրա, 2018 թվականի կեսերին նախարարությունում քնննարկվել են չափորոշիչներ և որոշվել ծննդօգնության ծառայություններին տալ մակարդակներ՝ թվով երեք մակարդակ՝ առաջին, երկրորդ և երրորդ. Մարալիկին մակարդակ չի տրամադրվել:
Նա նշեց, որ մինչ այդ առողջապահության նախարարության կողմից ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որի անդամները հարցաշարերով այցելել են համապատասխան բուժհաստատություններ և ըստ հարցաշարերի պատասխանների որոշել են ծննդօգնության տրամադրել գումար և տալ մակարդակ:
«Մարալիկի հիվանդանոցի պարագայում պետք է հաշվի առնել նաև սպասարկվող գյուղերի ազգաբնակչության հարմարավետությունը, ովքեր պետք է հասնեն Գյումրի: Մենք գյուղեր ունենք, որ Գյումրի քաղաքից 55 կմ հեռավորության վրա են: Ունենք սահմանամերձ գյուղեր՝ ԱնիՊեմզան և Աղինը. այս գյուղերի ազաբնակչության համար խնդրահարույց է Գյումրի հասնելը»,-շեշտեց Ասլանյանը:
Նա նաև հայտնեց, որ դեռևս 2019 թվականի փետրվարին, երբ ստացել են Մարալիկի ծննդօգնության ծառայության փակելու հարցը՝ իրենք վերոնշյալ հիմնավորումներով գրություն են ուղարկել առողջապահության նախարարություն, որևէ պատասխան չեն ստացել:
«Մենք առաջարկեցին Մարալիկի հիվանդանոցին մակարդակ տրամադրել, հիմնավորումներ տվեցինք, թե՝ ինչու պետք է այդ հիվանդանոցը գործի. գյուղերը հեռու են Գյումրիից, սահմանամերձ գյուղեր են, ճանապարհները վատ վիճակում: Հետևաբար ցանկալի է, որ Մարալիկի ծննդօգնության ծառայությունը գործի»,-ասաց նա:
Ասլանյանը հավելեց, որ Մարալիկի հիվանդանոցի խնդիրը քննարկելու են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ և այսօր՝ Մարալիկում սպասում են առողջապահության փոխնախարարին, ծննդօգնության ծառայության փակել-չփակելու հարցը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել էր Աչաջուր «Առողջության կենտրոն», որտեղ ևս նման խնդիր կար և հանդիպել աշխատակիցների հետ: Մարզպետն իր խոսքում նշել է, որ «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով։
Հիշեցնենք, որ մարզային ծննդօգնության ծառայությունները՝ բուժկենտրոնները, մարզպետարանների ենթակայության ներքո են:
Գոհար Ստեփանյան