Հասարակություն 

Ինչ էլ փորեն՝ միևնույն է ոչինչ չեն գտնելու․ Նաիրա Զոհրաբյանը՝ իր էլեկտրոնային փոստը կոտրելու մասին

analitik.am

Այսօր ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր էջում գրել էր, որ կեսգիշերն անց կոտրել են և մուտք են գործել իր ԱԺ պաշտոնական էլեկտրոնային հասցե և մեկ այլ էլեկտրոնային հարթակում գրանցվելու հայտ են ուղարկել: Պատգամավորը նման գործելաոճը բնութագրել է այլանդակություն և գրել. «Ես ինչ մտածում եմ՝ այդ մասին հայտնում եմ հրապարակային, և իմ որևէ օգտահաշիվ քրքրելու և այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք։ Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։ Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս՝ հանգիստ նստեք տեղներդ»։

Analitik.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր էլեկտրոնային հասցեն կոտրելու համար չի պատրաստվում ոչինչ անել, անգամ ոստիկանություն դիմել:

«Զուր ռեսուրսի վատնում է իմ աքաունթներով, իմ օգտահաշիվներով զբաղվելը, որովհետև այդ առումով ես որևէ մեկի համար որևէ հետաքրքրություն չեմ ներկայացնում»,-ասաց նա և հավելեց, թե իրեն ճանաչողները հրաշալի գիտեն, որ այն քաղաքական գործիչն է, ով երբևէ իր քաղաքական գործունեության ընթացքում դավադրությունների տեսությամբ չի զբաղվել․ «Ինչ մտածում եմ, այն էլ ասում եմ հրապարակային»,-ասաց պատգամավորը:

Նա կրկնեց, որ ժամանակի կորուստ է զբաղվել իր օգտահաշիվներով, կլինի դա էլեկտորնային հասցե, մեսենջեր, վոթսափ, ֆեյսբուք, վայբեր:

Հարցին՝ արդյո՞ք նախկինում պատահել է, որ էլեկտրոնային փոստը կոտրեն, պատգամավորը պատասխանեց, որ առաջին անգամ է նման իրավիճակում հայտնվել․ «Իմ 12-ամյա պատգամավորական աշխատանքային գործունեության ընթացքում էլեկտրոնային հասցեի հետ կապված առաջին դեպքն է»,-ասաց նա:

Զոհրաբյանը նաև տեղյակ չէր, թե կոտրելով իր էլեկտորնային փոստը՝ ում են հայտ ուղարկել: Ըստ նրա, անծանոթ հասցե է. «Ինչ էլ փորեն՝ միևնույն է ոչինչ չեն գտնելու, քանի որ գտնելու ոչինչ չկա»:

Պարզվեց նաև, որ ԱԺ պատգամավորի էլեկտրոնային փոստը կոտրելը ևս չի արժանացել համապատասխան կառույցների ուշադրությանը․ «Ո՛չ ոստիկանությունից, ո՛չ էլ ազգային անվտանգությունից չեն զանգել կամ հետաքրքվել պատահածի առնչությամբ»,- ամփոփեց Զոհրաբյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից