Հասարակություն 

Լիբանանում ցուցարարները «զայրույթի շաբաթ» են հայտարարել՝ փակելով ճանապարհները

analitik.am

Լիբանանում հետզհետե խորացող տնտեսական ճգնաժամի և քաղաքական խնդիրների դեմ բողոքի նպատակով երկրում «զայրույթի շաբաթ» է հայտարարվել։ Սոցցանցերում կատարված կոչերին հաջորդել են մայրաքաղաք Բեյրութում և մի քանի այլ քաղաքներում հունվարի 13-ին մեկնարկած մարդաշատ ցուցերը։

Մի շարք վայերերում ցուցարարները գիշերվանից սկսած փակել են ճանապարհները, մայրուղիներին անվադողեր են վառել և թույլատրել են միայն Կարմիր խաչի և զինվորական մեքենաների անցումը։ Ցուցարարների և անվտանգության ուժերի միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են գրանցվել։ Լիբանանի հարավային Սայդա քաղաքում գիշերվա ժամերին գրանցված բախումների հետևանքով 5 ցուցարար է վիրավորվել։

Ցուցարարները, ի թիվս այլի, բողոքում են բանկերի կողմից հաճախորդների դեմ կիրառվող սահմանափակումների, ինչպես նաև՝ երկրում էլեկտրամատակարարման հաճախակի խափանումների դեմ։ Նրանք պահանջում են հնարավորինս արագ ձևավորել նոր կառավարությունը։ Նշենք, որ 2019թ․ հոկտեմբերի 17-ին երկրում ծայր առած զանգվածային հակակառավարական ցուցերի ճնշման տակ հոկտեմբերի 29-ին հրաժարական տված Սաադ-ալ Հարիրին դեռ շարունակում է պաշտոնավարել՝ մինչ նոր կառավարության ձևավորումը։

1975-1990թթ․ Լիբանանում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից հետո երկրում առկա տնտեսական խնդիրներն այսօր իրենց գագաթնակետին են հասել։ Մի շարք ընկերություններ տնտեսական ճգնաժամը փորձում են հաղթահարել աշխատակիցներին հեռացնելու կամ աշխատավարձերը զգալիորեն կրճատելու միջոցով։

2019թ․ հոկտեմբերից մինչ օրս շուրջ 160․000 լիբանանցի կորցրել է իր աշխատանքը։ Լիբանանյան լիրան այս ընթացքում 40 տոկոսով արժեզրկվել է։ Առևտրային բանկերը կասեցրել են երկրից դուրս դրամական փոխանցումները և սահմանափակումներ մտցրել հաճախորդների հաշիվներին առկա արտարժույթի կանխիկացման համար։

regionmonitor

Նույն շարքից