Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագիրը պետք է անվավեր ճանաչվի. Հունաստանի արտգործնախարար

analitik.am

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Նիկոս Հրիստոդուլիդիսի հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում անդրադարձել է լիբիական վերջին զարգացումներին:

Դենդիասը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հարցը: Կիպրոսի հանրապետության արտգործնախարար Հրիստոդուլիդիսը անդրադառնալով թեմային, համոզմունք է հայտնել, որ հակազդելու են Թուրքիայի այս ջանքերին:

Հրիստոդուլիդիսի փոխանցմամբ` Կիպրոսի հարցի լուծումը դրական ազդեցություն կթողնի հույն-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանի իրավիճակի և Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների վրա:

Այնուհետև Դենդիասը նշել է, որ Հունաստանի համար Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև կնքված համաձայնագիրն առ ոչինչ է և անվավեր: Նախարարի խոսքով` առաջիկայում այդ թեմայով հանդիպումներ է ունենալու Մարոկկոյի, Ալժիրի և Թունիսի ղեկավարության հետ:

«Այդ հարցը քննարկելու ենք Միջերկրական ծովի և Ծոցի բոլոր երկրների, ինչպես նաև ԵՄ-ի մեր գործընկերների հետ:  Սա մեր առաջնահերթություններից է»,-ասել է Դենդիասը:

Հունաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև կնքված  համաձայնագիրն ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքն ու Միջերկրական ծովի երրորդ երկրների ինքնիշխանությունը:

«Այս համաձայնագիրը չունի որևէ իրավական հիմք և ապակայունացնում է իրավիճակը թե Լիբիայում և թե տարածաշրջանում»:

Ermenihaber

Նույն շարքից