Հայաստան Քաղաքականություն 

Այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երկրի օրվա իշխանության ու անձամբ՝ վարչապետի օրակարգը միայն դատարկաբանելն է. Լուսինե Մարգարյան

analitik.am

Դատարկաբանություն, նույնիսկ «ջուր ծեծոցի» չեմ կարող անվանել այն ամենին, ինչի մեջ ենք արդեն տևական ժամանակ։

Ջուր չեմ կոչի, քանի որ ջուրը բնության բարիքն է, իսկ մենք չարիքի մեջ ենք։

Ճիշտ այն պահից, երբ 2018 թվականի իշխանափոխությանը Նիկոլն անուն տվեց՝ «սիրո և հանդուրժողականության» հենց այդ պահից Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությունն ու ի սփյուռս աշխարհի հայությունն ընկղմվեց ատելության և անհանդուրժողականության գիրկը։ Թերևս, սա միակ «բնական պաշարն է», որի սպառման հեռավոր լույսն ու հույսը նույնիսկ չի նշմարվում։

Ես հույս ունեի, որ 2020թ֊ից իսկապես մաքուր էջից նոր տարի կսկսենք՝ հին տարում թողնելով սևերի և սպիտակների, զոմբիների ու լափամանից զրկվածների, պիցցայակերների ու պողոսների .......ու այսօրինակ անմիտ բաժանումները, բայց այսօր, հին տոմարով նոր տարի է, և հույսս դարձյալ մարում է։

Ամբողջ օրը լրահոսը, սոցցանցերը ողողված են ատելությամբ ու անհանդուրժողականությամբ՝ նախորդ տարվանից շարունակվող Մանվել Գրիգորյանի, Քոչարյանի, Սահմանադրական դատարանի, հազար ու մի այլ դատական, կոռուպցիոն, ալան֊թալանի, իշխանավորների միլիոնների հասնող պարգևավճարների մասին լեզվակռիվները թարմացվում են Միշիկի, Վանեցյանի, Մարիամիկի, մարզերում փակվող ծծնդատների ու տարաբնույթ այլ թեմաներով։

Այս անպատասխանատու հարթակում մեկմեկու մեղադրում են ֆեյքերի միջև մղվող պատերազմների մեջ ու յուրաքանչյուրն իր հերթին նորագույն տեխնոլոգիաներով է «սպառազինում» սեփական կամ պետական բանակը։

Բոլորը խոսում են, խոսում, խոսում, դատարկաբանում, նույնիսկ՝ ես խոսեցի։ Միայն խոսում, այդ թվում, իհարկե, միմյանց չարախոսում, անձնական վիրավորանքներ հասցնում ու հայհոյում։

ԵՎ ՈՉ ՄԻ ԳՈՐԾ

Ցավոք, այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երկրի օրվա իշխանության ու անձամբ՝ վարչապետի օրակարգը միայն խոսելն ու դատարկաբանելն է։

Քաղխորհրդի անդամ Լուսինե Մարգարյան

Նույն շարքից