Հայաստան 

Կոչ եմ անում բոլոր լուրջ տնտեսագետներին օգնել մեր ազգակիցներին խորհուրդներով. Ա. Հովհհանիսյան

«Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.



«Հետաքրքիր է՝ փաստորեն Հայաստանում դեռևս մարդիկ կան, ովքեր մտածո՞ւմ էին, որ հնարավոր է ԱԺ-ն չհաստատի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը: Ի՞նչ է նշանակում ապրանքների գները կթանկանան, իհարկե, ո՞վ տեղյակ չէր դրանից, ո՞վ տեղյակ չէր, որ ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունը կանգնելու է մի շարք բարդությունների առջև՝ սկսած ներմուծողներից, արտադրողներից, վերջացրած վերավաճառողներով ու սպառողներով՝ բոլորը լուրջ խնդիրներ են ունենալու որոշակի ժամանակահատված, մինչև կհարմարվենք, այսպես ասած:

 

Սա բնականոն գործընթաց է, աննորմալն այն է, որ այդ խնդիրների, դրանց դիմակայելու ձևերի, կորուստների նվազեցման մեխանիզմների մասին պետք է տեղյակ պահվեն համապատասխան սուբյեկտները: Էկոնոմիկայի նախարարությունը պետք է տնտեսական գործունեությամբ զբաղվող մարդկանց նախապատրաստեր այս փոփոխություններին՝ բոլոր հնարավոր ձևերով տեղեկացներ, համապատասխան միջոցառումներ և սեմինարներ կազմակերպեր:

 

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ բազմաթիվ անիմաստ թեմաներով՝ սկսած Աֆրիկայում վերացող սողուններից վերջացրած հարյուր տարի կարտոֆիլ աճեցնող գյուղացուն կարտոֆիլ ցանել սովորացնելու թեմաներով սեմինարներ ու դասընթացներ համապատասխան մարմինների մտքով անցնում է անցկացնել, իսկ այսպիսի լրջագույն թեմայով անգամ տեղեկատվություն չեն տրամադրել տնտեսության շարժիչ ուժը հանդիսացող կազմակերպություններին, որ վերջիններս գոնե պատրաստ լինեին դիմակայել հնարավոր տատանումներին և փոփոխություններին: Թե՞ ԱԺ պատգամավորների հակասական և պոպուլիստական ելույթներով պետք է առաջնորդվի գործարարը, երբ մեկն ասում է՝ ԵՏՄ մտնենք, ամեն ինչ լավ կլինի, մյուսն ասում է վարունգի օծանելիք ենք օգտագործելու և այսպես շարունակ:

 

Ես կոչ եմ անում բոլոր լուրջ տնտեսագետներին օգնել մեր ազգակիցներին խորհուրդներով, ինչպես նաև կոչ եմ անում բոլոր ԶԼՄ-ներին հնարավորինս շատ ուսումնասիրություններ կատարել և անդրադառնալ ԵՏՄ մտնելու դեպքում հայ արտադրողի, ներմուծողի և վերավաճառողի հնարավոր ռիսկերին և դրանցից խուսափելու կամ հասցրած վնասները նվազեցնելու տարբերակներին»:

Նույն շարքից