Հայաստան 

«Ժառանգություն»-ը հավատարիմ կմնա եռյակի ձևաչափին. Ռ. Հակոբյան

«Ժառանգություն» կուսակցության օրակարգում այս պահին եռյակից դուրս գալու հարց չկա: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում եռյակի միասնական օրակարգ չձևավորելը կարո՞ղ է ստիպել «Ժառանգությանը» դուրս գալ եռյակից: «Եռյակը հենց սկզբից էլ հայտարարել է, որ արտաքին քաղաքականության հարցերում միասնական օրակարգ չկա, և սա չի խանգարել մեզ: Եռյակի հիմնական նպատակը երկրի ներսում իշխանափոխություն իրականացնելն էր, իսկ արտաքին քաղաքական հարցերում միասնական օրակարգ չի եղել ի սկզբանե»,- նշեց նա:


Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ չի կարող ասել, թե հետագայում եռյակի սկսած շարժումն ինչ ճակատագիր կունենա, սակայն հայտարարեց, որ «Ժառանգություն»-ը շարունակելու է գործել եռյակի ձևաչափում:


«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ կլինի եռյակի հերթական նիստը: Տևական դադարի մասին հարցին նա պատասխանեց, որ այս քառօրյան շատ հագեցած էր, քննարկվում էին շատ կարևոր նախագծեր, և ժամանակ չի եղել հավաքվելու համար: «Սակայն ես վստահեցնում եմ, որ առաջիկայում դուք կտեսնեք մեր ակտիվությունը»,- նշեց Հակոբյանը:

Նույն շարքից