Հեռուստահաղորդավարուհի Շախար Աբաս Ջամիլը, հորդանանյան Dijlah հեռուստաալիքի հաղորդման ժամանակ իմացել է իր ավագ եղբոր՝ իրաքցի գեներալ-մայոր Տարիկ Աբաս Ջամիլի մահվան մասին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։
Լրագրողը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ տխուր տեսք ունենալու համար․ «Լրագրողի աշխատանքի հիմնական սկզբունքն անձնական կյանքը մասնագիտական պարտականություններից տարանջատելն է, սակայն ինձ հենց նոր տեղեկացրեցին, որ մեծ եղբայրս մահացել է»,-հայտարարել է հաղորդավարուհին՝ մի կերպ զսպելով արցունքները:
«Մենք կշարունակենք հեռարձակումը ճշմարտության շահերից ելնելով և կլուսաբանենք այն ամենը, ինչը տեղի է ունենում Իրաքում»,-ավելացրել է նա:
Հաղորդավարուհու եղբայրն Իրաքի ռազմաօդային ուժերի օդաչու էր: Նա մահացել է հրթիռակոծության արդյունքում, որը տեղի է ունեցել հունվարի 12-ին Բաղդադի մերձակայքում գտնվող Ալ-Բալադ բազայում, որտեղ տեղակայված են ամերիկյան զինված ուժերը: