«Իմ քայլը» հիմնադրամն այս տարի կսկսի նոր՝ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը։
Այս նպատակով Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հրավերով այս օրերին Երևանում է «UCLA Health»-ի «Sound Body Sound Mind» ծրագրի գործադիր տնօրեն Մեթյու Ֆլիսոքը։ Միացյալ Նահանգներում գործող այս ծրագիրն արդեն բավական ժամանակ է նպաստում է դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը՝ աշակերտներին և ուսուցիչներին տրամադրելով ժամանակակից մեթոդաբանությամբ ֆիթնես-դասընթացներ, ինչպես նաև աջակցում է դպրոցներին համապատասխան սարքավորումներով։
Մեթյու Ֆլիսոքը Երևանում է՝ որպես Ծրագրի խորհրդատու իր փորձը և գիտելիքները մեզ հետ կիսելու, ինչպես նաև հայաստանյան դպրոցների վիճակին և կրթական չափորոշիչներին ծանոթանալու համար։ Մեթյու Ֆլիսոքի խոսքերով՝ «Այցելությունները Հայաստանյան դպրոցներ չափազանց կարևոր են ինձ համար՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և համատեքստին։ Ես համոզված եմ, որ Հայաստանը և «Իմ քայլը» հիմնադրամը մեծ ներուժ ունեն այս Ծրագրով բարելավելու երեխաների առողջ ապրելակերպի պայմանները»։
Համարձակ գաղափարներով և առաջարկներով հագեցած մեր հանդիպումներին ու քննարկումներին կանդրադառնանք առաջիկայում՝ առավել մանրամասն ներկայացնելով «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը։
Լուսանկարում ՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, հիմնադրամի կրթական և սոցիալական ծրագրերի ղեկավարներ Գայանե Ղազարյանը և Արմեն Ներսեսյանը, «UCLA Health»-ի «Sound Body Sound Mind» ծրագրի գործադիր տնօրեն Մեթյու Ֆլիսոքը։