Լրագրողների հետ զրույցում Իմ քայլի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտնել էր, որ խմբակցությունում քննարկելու են իր և Կարեն Սարուխանյանի միջև առաջացած խնդիրը: Նա նաև ասել էր, որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը զանգահարել է ու իր վրդովմունքը հայտնել տեղի ունեցածի մասով:
Այսօր լրագրողների հետ զրույցում Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունում հարցի քննարկման վերաբերյալ տեղեկատվություն ինքը Սոֆյա Հովսեփյանին չի տվել. «Մենք զրուցել ենք ու ես հայտնել եմ իմ դիրքորոշում: Ես ասել եմ, որ պարոն Սարուխանյանի արած հայտարարություններն ընդունելի չեն ու նա արդեն հրապարակային ներողություն հայտնել է: Մնացած հարցերը խմբակցության, կուսակցության ներքին կարգապահական հարցերն են, որոնք լուծում ստացել են խմբակցության ներսում»:
Մակունցն ասաց, որ հարցի մասով խոսել է նաև Կարեն Սարուխանյանի հետ. «Խնդիրը հարթվել է, քանի որ պարոն Սարուխանյանը ներողություն է խնդրել իր հայտարարության համար»:
Մակունցի խոսքերով, Սարուխանյանը սխալ հայտարարություն է արել, ինչի համար ներողություն է խնդրել. «Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով ստեղծելուն, ապա ես նախագիծ եմ մշակել, որով առաջարկում եմ Ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել: Առաջիկայում ես հետամուտ եմ լինելու, որ այդ հարցը քննարկվի ԱԺ լիագումար նիստերի դահլիճում: Սա Սահմանադրական փոփոխություն է, սակայն մենք պետք է գնանք դրան»: