Հայաստան 

Ստեփան Մարգարյանը՝ եռյակի գործունեության մասին

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ոչ իշխանական եռյակի գործունեությունն ինքնանպատակ չի համարում: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատգամավորն ընդգծեց, որ եթե իրենք որևէ քայլ են անում, ապա հստակ գիտեն, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը:«Սակայն, որպեսզի մենք մի քայլ անենք, և դա տարբերվի նախորդից և ինչ-որ բան ավելացնի մեր ու հասարակության նվաճումների վրա, պետք է դրան պատրաստվենք: Մենք հիմա այդ փուլում ենք գտնվում»,-  նշեց Մարգարյանը:

 

Նա ընդգծեց, որ եթե երկրում ինչ-որ սուր իրավիճակ ստեղծվի և պահանջվի, որ իրենք ինչ-որ քայլեր անեն, դրանք կարվեն, նույնիսկ եթե իրենք պատրաստ չլինեն: «Եթե լինեն նման իրավիճակներ, մենք հաջորդ օրը ժողովրդին կոչ կանենք դուրս գալ փողոց, որպեսզի որոշենք մեր անելիքը: Սական քանի որ չկա նման իրավիճակ, մենք գնում ենք այն ճանապարհով, որը, վստահ ենք, բերում է քայլ առ քայլ մոտեցող հաջողության»,- նշեց Մարգարյանը:

 

Անդրադառնալով «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարակում հրավիրված քաղաքացիական ժողովին՝ Մարգարյանն ընդգծեց, որ եռյակի անդամ քաղաքական ուժերը լիովին ազատ են ինքնուրույն միջոցառումների անցկացման հարցում: Նա ընդգծեց, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ունեն իրենց օրակարգը և առաջ են շարժվում այդ օրակարգով: Պատգամավորը նկատեց նաև, որ իրենք Րաֆֆի Հովհաննիսանի նախաձեռնությունը եռյակի գործունեության շրջանակից դուրս չեն դիտարկում:

 

Հարցին, թե ինչու՞ է ձգձգվում եռյակի անդամ քաղաքական ուժերի առաջնորդների հերթական հանդիպումը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ առաջնորդների հանդիպում կազմակերպվում է այն ժամանակ, երբ իրենք աշխատել են այնքան, որ արդեն առաջացել է եռակողմ  հանդիպման անհրաժեշտություն: «Երկկողմ հանդիպումներ հաճախ լինում են: Լինում են նաև եռակողմ հանդիպումներ, սակայն եռակողմ հանդիպումները լինում են այն ժամանակ, երբ մենք մեր աշխատանքով արդեն հասել ենք այն բանին, որ այդ հանդիպման անհրաժեշտությունն առաջացել է: Իսկ այդ գործընթացը կարող է երբեմն երկարել, որովհետև տարբեր քաղաքական ուժեր են, կան տարբեր մոտեցումներ տարբեր հարցերի վերաբերյալ, ինչը ես նորմալ եմ համարում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ սովորաբար առաջնորդների հանդիպման ընթացքում որոշվում են հետագա անելիքները:

Նույն շարքից