Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

Ինչու բալային համակարգը չի կարող գործել Հայաստանում. Ակցիա՝ կառավարության մոտ

Այս պահին մի խումբ վարորդներ ովքեր դժգոհ են հունվարի 1-ից ուժի մեջ մտած բալային համակարգից, բողոքի ակցիա են անում կառավարության մոտ:

Ակցիայի մասնակիցներից դերասան Գևորգ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բալային համակարգի օրենքը չի կարող Հայաստանում գոյություն ունենալ, քանի որ այն բոլորի համար չի գործելու. «Եթե կան ռուսական համարանիշերով ավտոմեքենաներ, որոնք դուրս են մնալու օրենքից, նշանակում է որ օրենքը բոլորի համար չէ»:

Բացի դրանից, Գրիգորյանի խոսքերով, չկա համապատասխան կարգավորում, որպեսզի վարորդները ստիպված չլինեն որոշ խախտումներ անել. «Այնպես չէ, որ մարդիկ շատ են սիրում երկրորդ գիծ կանգնել, ուղղակի այլընտրանք չի լինում: Խոսքը մասնավորապես վերաբերում է առաքիչներին, որոնք հաճախ տեղ չեն ունենում ավտոմեքենան կայանելու համար, դրա համար կայանում են երկրորդ գիծ: Մենք չունենք նրանց համար կայանված տեղ: Այսպես բոլոր առաքիչները մեկ ամսվա մեջ զրկվելու են վարելու իրավունքից»:

Գրիգորյանը համաձայն չէ նաև որոշ պատժաչափերի հետ. «Քաղաքացուն հնավարորություն են տալիս երկու անգամ հարբած ավտոմեքենա վարել՝ կորցնելով 8 բալ, իսկ առանց համար քշելու համար միանգամից զրկում են վարելու իրավունքից: Դրանցի ո՞րն է ավելի վտանգավոր: Կամ հանդիպակաց գոտի դուրս գալու համար 3 բալ են հանում, ինչու են հնարավորություն տալիս մարդուն մի քանի անգամ անել նման խախտում»:

Ակցիայի մասնակից քաղաքացիների խոսքերով, 9 բալը շատ քիչ է, խախտումներ կան, որոնք ստիպված են թույլ տալիս. «Այսօր ամբողջ Հայաստանը տաքսի է քշում, թող նախկինի նման լինի, միայն տուգանքով պատժվենք: Կամ գոնե թող ավելի շատ բալ տան: Մի ժամվա մեջ կարող է երկու բալ կորցնես: Իսկ մենք երեխա ենք պահում, ընտանիք ենք պահում»:

Նույն շարքից