Կառավարության մոտ ակցիա անող ու տաքսու վարորդների խնդիրների մասին բարձրաձայնող «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք դադարեցնում են այսօրվա ակցիան, ինքը կհանդիպի կառավարության անդամների հետ, կներկայացնի խնդիրը: Իսկ եթե հիմա կառավարությունից մարդ ներկայանա, հանդիպումն արդյունավետ չի լինի:
Խնդիրն այն է, որ տաքսու վարորդները 2015 թվականից հետո, երբ օնլայն տաքսիները եկան Հայաստան, պետտուրք չեն վճարել, այն կուտակվել է: Ակցիայի մասնակիցների խոսքերով, վարչապետ Փաշինյանն ասել էր, որ դրանք զրոյացվելու են, սակայն այսօր այդ գումարները պահանջում են վարորդներից, դրա փոխարեն օրինակ «Յանդեքսը» հարկ չի վճարում:
««Յանդեքսն» ասում է, որ իր մոտ 60 հազար մարդ կա: Դա բազմապատկեք 12 հազար դրամով, անում է 700 միլիոն դրամ, որը պետք է տան մեր պետությանը, սակայն չեն տալիս: Մի հատ հայ են գտել ու ասում են, որ «Յանդեքսի» տնօրենը հայ է: Ես ասում եմ, որ «Յանդեքսի» տերերը թուրքերն ու եվրեներն են, հենց հիմա ասում եմ: Ես ԱԱԾ-ին էլ եմ ասել այդ մասին: «Յանդեքսով» երևի մտել են ու մեզ լսում են, ՀՀ քաղաքացիներին լսում են, ձայնագրում, տանում տալիս թուրքերին, մերոնք էլ քնած են»,-ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը խոսեց նաև բալային համակարգի մասին՝ հայտարարելով, որ այն վտանգավոր է բիզնես ոլորտի համար: